Կառավարությունը կարգելի սև ու գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը

Կառավարությունը վեցամսյա արգելք կսահմանի Հայաստանից սև ու գունավոր մետաղի ջարդոնի, թափոնի արտահանման վրա։ Կառավարության որոշման նախագիծը քննարկվելու է հունվարի 14-ի նիստում։ 

Դիտելով այն որպես ռազմավարական հումք՝ կառավարությունը որոշման հիմնավորումներում նշել է, որ Հայաստանում չկա գունավոր ու սև մետաղների արտադրություն, սակայն ջարդոնի երկրորդային վերամշակմամբ հնարավոր է լրացնել այդ ապրանքների պակասը։ 

«Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից և թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը: Տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը»,- նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել է էկոնոմիկայի նախարարությունը։