Արցախի 2021-ի բյուջեում սեփական եկամուտները երեք անգամ կնվազեն

Արցախի պետբյուջեի սեփական եկամուտները կնվազեն ավելի քան երեք անգամ՝ 56 մլրդ դրամից դառնալով 17 մլրդ դրամ։

2021-ին Արցախի պետական բյուջեի սեփական եկամուտները կկազմեն 17 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի փոխարեն։ ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը չի փոփոխվել, այն կկազմի 64,7 մլրդ դրամ: Ընդհանուր եկամուտները կկազմեն 81,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 124,8 մլրդ դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43,2 մլրդ դրամ։

Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի խորհրդարանում 2021-ի բյուջեի նախագծի քննարկմանը։ Բյուջեն կազմվել է տարեսկզբի համավարակի և աշնանն ընթացած պատերազմի հետևանքները հաշվի առնելով:

Ինչպես հաղորդում է Արցախի ԱԺ կայքը, նախարար Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021-ի բյուջետային քաղաքականությունը հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն: Մասնավորապես, Արցախի բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, կապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի ծախսերը կկազմեն 12 մլրդ դրամ, սոցիալական պաշտպանության ծախսերը՝ 31, 4 մլրդ դրամ, առողջապահությանը հատկացվող գումարը՝ 8,7 մլրդ դրամ։

2021-ին ակնկալվում է 224,5 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք, կանխատեսվում է մոտ 25% անկում:

«Եկամուտները գալիք տարում կկազմեն 81,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 124,8 մլրդ դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43,2 մլրդ դրամ։ Պետական բյուջեի ծախսերը պակաս են նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 7,8%-ով: Ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 55,6%՝ 2020 թ․ 46,2%-ի դիմաց»,- հայտնել է պետնախարարը:

Մեկնաբանել