Դատավորները կմասնագիտանան մինչդատական վարույթի ու կոռուպցիայի գործերով

Կառավարությունը մինչդատական վարույթում գտնվող դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների և կոռուպցիոն քննություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտներ է ներդնում։

Հունվարի 14-ին արդարադատության նախարարության համապատասխան նախագիծն արժանացավ կառավարության հավանությանն ու կքննարկվի խորհրդարանում։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ասաց՝ դատական իշխանության վիճակագրությունը ցույց է տալիս, որ քրեական մասնագիտացմամբ դատավորները քննում են նաև մինչդատական վարույթին վերաբերող գործեր՝ կալանքի միջնորդություն, խուզարկության թույլտվություն և այլն․ «Իրարից էապես տարբերվող երևույթների մասին է խոսքը ու կարծում ենք, որ մինչդատական վարույթի մասնագիտացումը կարևոր է արդյունավետության տեսանկյունից»,- ասաց Բադասյանը՝ հայտնելով, որ սա «որոշ չափով կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը»

Դատավորների թվակազմը ևս, ըստ նախագծի, կավելանա՝ 21-ով առաջին ատյանի դատարաններում, 3-ով՝ վերաքննիչ քրեական դատարանում։