Դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, սննդամթերքի գներն աճել են 7,2%-ով

Հայաստանում վերջին մեկ տարվա կտրվածքով սննդամթերքի գների աճը կազմել է 4,9%, իսկ մեկ ամսում՝ 2020 թ․ դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ սննդամթերքի գներն աճել են 7,2%-ով։ Այս մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն։

Բանջարեղենի գները 2020թ. դեկտեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ աճել են 35,9%-ով, մրգինը 6,5%-ով։

Ձեթի միջին գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35,3%: Ձուն թանկացել է 18.5%-ով:

2020-ի դեկտեմբերին՝ նախորդ դեկտեմբերի համեմատ, հացի և ալյուրի գները ևս աճել են՝ համապատասխանաբար, 7,3%-ով և 10,0%-ով։ Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 38,1% գնաճ։

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3,4% գնաճ: Բենզինի և դիզելային վառելիքի գները մեկ տարվա կտրվածքով նվազել են 12,2% և 23,0%-ով, սակայն տարեվերջին՝ 4,1% և 2,9%-ով աճել են։

Ներկրվող ապրանքների գների բարձրացման հիմնական պատճառներից մեկը դոլարի արժևորումն է, քանի որ ներկրմամբ զբաղվող տնտեսվարողը հայկական դրամը վերածում է դոլարի՝ արտերկրից ապրանք գնելու և ներմուծելու համար։ Վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 518,9 դրամ, ինչը 8,5%-ով բարձր է 2019թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (478,2 դրամ):

Ընդհանուր ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3,7%:

Մեկնաբանել