Հայկական կողմերի առաջնահերթություններից է Արցախի տարածքների դեօկուպացիան, տեղահանված արցախահայության վերադարձը․ Արա Այվազյան

Արտգործնախարար Արա Այվազյանը Ազգային ժողովում հանդիպում է անցկացրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը ներկա չէին ԲՀԿ և ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչները:

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հանդիպման առիթը հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումն է և ընդունված հայտարարությունը։ Ըստ Ռուբինյանի՝ նպատակն է վերլուծել հանդիպման արդյունքները․ «Հանդիպումը կլինի փակ, որպեսզի առավել դետալային և անկաշկանդ քննարկում ունենանք»,- ասաց նա։

Մինչ փակ քննարկման անցնելը Արա Այվազյանը ելույթով հանդես եկավ, որում անդրադարձավ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ։ Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,- ասաց նա։

ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի և անդամ երկրների հովանու ներքո շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնած հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

«Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը»,- նշեց Արա Այվազյանը։

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել