Արա Այվազյան․ «Միանշանակ համամիտ եմ Պոպովի հետ․․․»

ՀՀ արտգործանախարար Արա Այվազյանն այսօր՝ հունվարի 14-ին, այցելել է ԱԺ՝ հանդիպելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին։ Հանդիպման ավարտից հետո Արա Այվազյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացված է ստորև․

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հոդվածը, հայտարարել է, որ Ռուսաստանը չի դիտարկել 7 շրջանների վերադարձ՝ անտեսելով Արցախի կարգավիճակի հարցը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Պոպովի հայտարարությունը։

– Ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին և պետք է նշեմ, որ, ինչպես բոլորդ գիտեք, ժամանակին Հայաստանն իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը։ Ադրբեջանի կողմից այդ կազանյան փաստաթղթի մերժումից հետո էլ աշխատանքները, բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա։ Ասեմ ավելին, նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնություն շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ։

– Կարգավիճակի հարցը կա՞ր, թե՞ ոչ։ Պոպովի ասածը համապատասխանո՞ւմ է իրականությանը։

– Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը։ Եվ կավելացնեմ, եղել է և մնում է կարևորագույն սկզբունքը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա հրադադարի, պատերազմի ավարտման մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը, սակայն հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել, քանի որ այն չի իրականացրել հիմնարար բոլոր սկզբունքները, մասնավորապես՝ կարգավիճակի հարցը։ Նաև ուզում եմ ընդգծել համանախագահների դեկտեմբերի 3-ի հայտարարությունը, որում կարևորվում է հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորումը։

– Եթե հաստատում եք համանախագահի հայտարարությունը, վարչապե՞տն է իրականությանը չհամապատասխանող գրառում արել։

– Ես չեմ մեկնաբանում վարչապետի ասածը, որոնք շատ անգամ հանված են կոնտեքստից։

– Պոպովի հայտարարությունը հակասո՞ւմ է վարչապետի գրառմանը, թե՞ ոչ։ Նա հակադարձել է և պնդել է, որ կարգավիճակի հարցը միշտ եղել է, իսկ վարչապետն իր հոդվածում նշում էր, որ հարցը դրվել է՝ շրջանները վերադարձնել, բայց որևէ հարց կարգավիճակի մասին չի եղել։

– Վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, վարչապետն այլ բաներ էլ է ասել և ես չեմ մեկնաբանում վարչապետի ասածները։

– Բանակցային սեղանին դրված փաստաթղթում մշտապես եղե՞լ է կարգավիճակի հարցը։

– Ես հատուկ անդրադարձա կազանյան փաստաթղթին, որովհետև դա եղել է վերջին փաթեթային ամբողջական կարգավորման առաջարկը։ Դրանից հետո եղել են տարբեր առաջարկներ, տարբեր պարամետրերի շուրջ, բայց Կազանը եղել է վերջին ամբողջական փաթեթը։

Մեկնաբանել