Պետք է հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը այսպես վարվում ռազմագերիների հետ

ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, խնդիրների և անելիքների մասին։

– Պարոն Գրիգորյան, Հայաստանում 2020-ը շարունակվում է՝ այն իմաստով, որ մենք մեկը մյուսի հետևից ստանում ենք նոր հայտարարություններ, որոնք, թվում է, Հայաստանի շահերից չեն բխում։ Սա բնակա՞ն գործընթաց է, երբ կապիտուլացվող կողմմ այլևս, ըստ էության, չի կարողանում բանակցել, այլ ստորագրում է թղթերի տակ, որ դրվում են նրա առաջ։ Դուք հավանաբար տեսել եք այն կադրերը, թե ինչպես են Կրեմլում հաղթական Վլադիմիր Պուտինը և հաղթական Իլհամ Ալիևը հանդիպում բավականին ոչ հաճելի վիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանին։

– Կապիտուլյացիա եզրույթը ինքնին նշանակում է, որ այլևս դու չես բանակցում և ստորագրում ես կամ համաձայնում ես այն ամենին, ինչ քեզ դեմ են տալիս։ Սրա մասին նախկինում Հայաստանում եղել են խոսակցություններ, երբ հայտնի բանավեճը կար, որ երբ ստիպեն, այն ժամանակ կհամաձայնենք, և դրան հակադարձումն այն էր, որ երբ որ քեզ ստիպում են և ստիպելով են քեզ ինչ-որ բան պարտադրում, այդ ժամանակ ոչինչ չես կարող ստանալ փոխարենը։ Դու պիտի համաձայնես այն ամենին, ինչ քեզ դեմ են տալիս։ Ցավոք, մենք իրականում հայտնվել ենք հենց այդ իրավիճակում, երբ չունենք լծակներ, չունենք ուրիշ որևէ աղբյուր մեր դիրքերը պաշտպանելու, և մենք ստիպված ենք լինում համաձայնել բաների, որոնց շատ դժվար է համաձայնելը ու շատ դժվար է մարսելը, և որոնց մենք չէինք համաձայնի, եթե այս խնդիրը բանակցություններով լուծեինք։

Միջազգային քաղաքականության մեջ դաժան ճշմարտությունն այն է, որ բանակցությունների արդյունքները միշտ արտացոլում են ուժերի հարաբերակցությունը

Բայց փաստորեն մենք շատ լծակներ չունեինք, և մեր հույսն այն է, որ Ռուսաստանը որոշակի հարցերում կարող է հանդես գալ մեր շահերի երաշխավոր ու պաշտպան, այն հարցերում, որոնք համընկնում են իր շահերին։ Այլապես միջազգային հարաբերություններում, միջազգային քաղաքականության մեջ դաժան ճշմարտությունն այն է, որ բանակցությունների արդյունքները միշտ արտացոլում են ուժերի հարաբերակցությունը։ Մնացած բոլոր խոսակցությունները՝ այս կամ այն երկրի ցանկությունների ու իղձերի լեգիտիմ լինելը, անգամ միջազգային իրավունքին համապատասխանելը և այլն,- այդ ամենը երկրորդական բաներ են։ Իսկ մենք այսօր շատ թուլացած, սարսափելի թուլացած վիճակում ենք և հաղթաթղեր չունենք այդ բանակցություններում։ Հետևաբար, Մոսկվայում տեղի ունեցածը շատ զարմանալի չպետք է լինի որևէ մեկի համար։

Ռազմագերիների մասին

– Բացի 44-օրյա աղետալի պատերազմից, որը ջարդեց մեր մեջքը, մենք ունենք ռազմագերիներ, որոնք Բաքվում են պահվում, և Ադրբեջանը նրանց ներկայացնում է որպես ահաբեկիչներ, ծայրահեղականներ, տարբեր եզրույթներ են օգտագործում։ Ինչպե՞ս վերադարձնենք այս մարդկանց։ Սա մարդասիրական խնդիր է։ Հայաստանը չի կարողանում, Հայաստանը պարտված է, չկան լծակներ, որպեսզի այդ մարդկանց դուրս բերենք ադրբեջանական դժոխքից։

– Որոշ լծակներ գուցե կան։ Այս հարցում գուցե մենք կարող ենք հենվել որոշակի միջազգային աջակցության վրա, գուցե կարող ենք ստեղծել մի իրավիճակ, երբ Ադրբեջանի միջազգային հեղինակությունը խաթարվի, եթե այդ գերիների հարցը չլուծվի։ Բայց ես այլ բանի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Դա, ճիշտք եք ասում, առաջին հերթին մարդասիրական հարց է, բայց դա միայն մարդասիրական հարց չէ։

Պետք է հասկանալ, թե Ադրբեջանը ինչու է այսպես վարվում այդ ռազմագերիների հետ։ Ռազմագերիների առաջին խմբին վերադարձրին, բայց հիմա կարծես թե փոխել են դիրքորոշումը և այս ռազմագերիներին չեն սահմանում որպես ռազմագերիներ։ Սա երկու նպատակ ունի։ Առաջին և առավել ակնհայտ նպատակը այդ մարդկանց որպես պատանդ օգտագործելն է Հայաստանից ավելի զիջումներ կորզելու համար։ Բայց այստեղ երկրորդ խնդիրը կա, որ ինձ անհանգստացնում է։ Փաստորեն՝ այս ռազմագերիների սահմանումը որպես ահաբեկիչներ, որպես անօրինական զինված խմբերի անդամներ նպատակ է հետապնդում հետագա բանակցություններում պարտադրել ինչ-որ սահմանում Ղարաբաղի զինված ուժերի, հետևաբար՝ Ղարաբաղի կարգավիճակի համար։ Եվ սա պետք է դիտարկել նաև այս կոնտեքստում։

Ռազմագերիների սահմանումը որպես ահաբեկիչներ, որպես անօրինական զինված խմբերի անդամներ նպատակ է հետապնդում հետագա բանակցություններում պարտադրել ինչ-որ սահմանում Ղարաբաղի զինված ուժերի, հետևաբար՝ Ղարաբաղի կարգավիճակի համա

Նրանք փաստորեն նպատակ են հետապնդում սրանով հետագայում գրավելու դիրքորոշում, որ Ղարաբաղում գտնվող զինված ուժերը անօրինական են, և Արցախը չպետք է ունենա սեփական զինված ուժեր, որևէ զինված խմբավորում այնտեղ ունենալու է ահաբեկչի կամ անօրինական զինված խմբավորումների կարգավիճակ։ Դա ինձ խիստ անհանգստացնում է։

Արցախի կարգավիճակի մասին

– Մոսկվայում Ալիևը շատ ցուցադրական, հղում անելով իր կողքին կանգնած Վլադիմիր Պուտինին, ասաց՝ ես ձեզ հետ համաձայն եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն անցյալում է, որին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ խնդիրը դեռ լուծված չէ։ Ի՞նչ եք կարծում, մենք կարո՞ղ ենք այսօր խոսել կարգավիճակի մասին, թե՞ ամեն ինչ կորցրել ենք՝ ըստ էության։

– Կարգավիճակից մենք ստիպված ենք լինելու խոսել, բոլորն են ստիպված լինելու խոսել, որովհետև այդ հարցը ֆորմալ առումով դեռ լուծված չէ։ Իհարկե, ոչ մի պայամանգիր դեռ չի ստորագրվել․ զինադադարը պայամանգիր չէ, և վերջնական խաղաղ կարգավորումը բնականաբար պետք է անդրադառնա Արցախի կարգավիճակին նույնպես՝ քաղաքական կարգավիճակին։ Ալիևի հայտարարությունն իհարկե հերթական հոխորտանքն էր,- ճիշտ է Ալիևը թերևս ավելի շատ հիմքեր ունի հոխորտալու, քան որևէ մեկը,- բայց այնուամենայնիվ այն հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակի հարցը կամ Արցախի հարցը այլևս անցյալում է և լուծված է, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։

Կարգավիճակի հարցի շուրջ բանակցություններ տեղի են ունենալու։ Սակայն, պետք է ընդունել, որ որևէ բան, որ մենք կարող էինք ստանալ պատերազմից առաջ Արցախի կարգավիճակի առումով, այլևս հեռավոր երազանք է

Կարգավիճակի հարցի շուրջ բանակցություններ տեղի են ունենալու։ Սակայն, պետք է ընդունել, որ որևէ բան, որ մենք կարող էինք ստանալ պատերազմից առաջ Արցախի կարգավիճակի առումով, այլևս հեռավոր երազանք է, և այն բոլոր խոսակցությունները, որ մենք կարող ենք նորից վերադառնալ Արցախի անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորման ինչ-որ նպատակների․․․ ես կարծում եմ, որ դրանք իրատեսական չեն։ Ես անցյալում էլ խոսել եմ այս մասին՝ մեր հիմնական նպատակը պետք է լինի ստեղծել այնպիսի պայմաններ, որ այնտեղ շարունակաբար կարողանա գոյություն ունենալ հայկական բնակչություն, որը կարողանա ապրել անվտանգության մեջ և պահպանել իր մշակույթն ու ազատությունները։ Բայց Արցախի ֆորմալ անկախության հետ կապված այդ երազանքները, անուրջները, ինձ թվում է, այլևս իրատեսական չեն։

Ես խիստ մտահոգ եմ նաև այն կապակցությամբ,- կարող է շատերին զարմացնել կամ նույնիսկ զայրացնել սա,- որ որոշակի շահերի հիման վրա՝ մասնավորապես Ռուսաստանի խիստ ամրացած դիրքերը խարխլելու մտադրությամբ ինչ-որ երկրներ կամ Արևմուտքը ինչ-որ բաներ քաջալերի հայկական կողմին Արցախի կարգավիճակի հետ կապված, Արցախի բանակցություններում։ Ես դրա հետ շատ զգույշ կվարվեի։

– Այսինքն՝ նկատի ունեք այն, որ արևմտյան որոշ երկրներ խոսում են կարգավիճակի հարցը առաջ տանելու մասի՞ն։

– Ես նկատի ունեմ Հայաստանին տրված որոշակի խոստումներ, որոնք համաձայնեցված չեն Ռուսաստանի հետ և նպատակ են հետապնդում քաջալերել Հայաստանին վարելու ինչ-որ քաղաքականություն այս հարցում, որը տարածաշրջանում հակոտնյա է Ռուսաստանի շահերին կամ որը կարող բախման տանել Ռուսաստանի շահերի հետ։ Եվ եթե անգամ այդ քաջալերանքը գայթակղիչ լինի նույն Արցախի կարգավիճակի հետ կապված ինչ-որ խոստումների առումով, դրա հետ պետք է վարվել ծայրահեղ զգուշությամբ։

– Որպեսզի Ռուսաստանին չզայրացնենք, ճի՞շտ եմ հասկանում։

– Այո՛, ճիշտ եք հասկանում։ Եվ հարցը Ռուսաստանին չզայրացնելը չէ զուտ էմոցիոնալ առումով․ եթե մեզ Արևմուտքից կամ որևէ այլ տեղից այդ խոստումները տան, այդ քաջալերանքը լինի առանց կարևոր քաղաքական և նյութական աջակցության, դրանք ոչ միայն ոչ մի արժեք չեն ունենա, այլև նույնիսկ վնասակար կլինեն։ Դրանցից պետք է զգուշանալ։

Ապաշրջափակման, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին

– Պարոն Գրիգորյան, այժմ տնտեսական համագործակցության, ապաշրջափակման մասին է խոսվում։ Դուք այստեղ լուսավոր ինչ-որ բան տեսնո՞ւմ եք, թե՞ ինչպես Հայաստանում կա տարածված կարծիք՝ սրանից շահելու են ռուսները, թուրքերը, ադրբեջանցիները, բայց ոչ Հայաստանը։

– Նախ, ես չգիտեմ՝ այլընտրանքն ինչ է։ Եթե Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան,- ինձ թվում է՝ մոտ ապագայում այստեղ Թուրքիան էլ դերակատարություն կունենա,- գան և Հայաստանի իշխանություններին ասեն՝ մենք ուզում ենք ապաշրջափակել, վերականգնել բոլոր հաղորդակցությունները, հնարավորություն տալ նաև Հայաստանին Ադրբեջանի տարածքով դուրս գալ Ռուսաստան, հնարավորություն տալ Թուրքիայի տարածքով դուրս գալ Տրապիզոն, օգտագործել թուրքական ենթակառուցվածքները և այլն, ի՞նչ ենք ասելու։ Ասելու ենք՝ ո՞չ։ Եվ ո՞րն է լինելու այդ ոչ-ի արդարացումը։ Ես դա չեմ հասկանում։ Մենք ինքներս չենք կարող շրջափակել Ադրբեջանին ու Թուրքիային, եթե նույնիսկ ոչ ասենք։ Մեզ թույլ չեն տա այդ ոչ-ը երկար պաշտպանել․ դա մեկ։

Երկրորդ՝ իսկապես դրական տարր կա։ Ես չգիտեմ էլ՝ ինչի՞ մասին է խոսքը, բացատրելու կարիք կա՞․ եթե որևէ երկիր շրջափակված և վատ է ու ապաշրջափակվում է, դա լավ է։ Այստեղ, ես գիտեմ, ինչ-որ մտավախություններ կան․․․

– Մոտավորապես՝ «թուրքերը կգան, մեզ կխժռեն»՝ առաջին հերթին տնտեսական իմաստով նկատի ունեմ։ Օրինակ են բերում, ասենք՝ Վրաստանը՝ Աջարիայի տարածաշրջանը, որտեղ տնտեսապես թուրքերի վերահսկողության տակ է ամեն բան։

– Ես լավ չգիտեմ, թե Աջարիայում ինչ է վիճակը։ Բայց նորից եմ ասում՝ շրջափակումները վատ են, բաց սահմանները և հաղորդակցությունները ճիշտ են, լավ են Հայաստանի համար և Հայաստանի արտահանման ինդուստրիայի զարգացման համար։ Ամենակարևոր գրավականներից մեկն այն է, որ մենք ճանապարհներ ունենանք, մենք էժան ու հուսալի ճանապարհներ ունենանք մեր ապրանքները արտահանելու համար։ Եվ այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Այդ համագործակցությունն ի վերջո կարող է դրական լինել։ Իհարկե, կարող են բացասական հետևանքներ էլ ունենալ, բայց դրանք տեխնիկական բնույթի խնդիրներ են։ Եթե մենք ճիշտ վարվենք դրա հետ,- իսկ դրա հետ կարելի է ճիշտ կամ սխալ վարվել,- կարելի է այդ պարագայում ունենալ ճիշտ կամ սխալ տնտեսական քաղաքականություն։ Այսինքն՝ բաց ճանապարհները անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են դրանից օգտվելու համար։ Դրանից օգտվելու համար մենք պետք է նաև ճիշտ տնտեսական քաղաքականություն կառուցենք, և այդ պարագայում այս ապաշրջափակումն անպայման իր դրական արդյունքները կունենա։

Ես ուզում եմ նաև ավելացնել մեկ այլ բան։ Դա միայն տնտեսական խնդիր չէ, դա նաև քաղաքական խնդիր է, և գոյություն ունեցող ակնհայտ այդ խորը ճգնաժամը մեր և Ադրբեջանի հարաբերություններում հատկապես միանգամից, մի գրչով, թեկուզ մի պայմանգրով հնարավոր չի լինելու մեղմել։ Դա լինելու է երկարատև գործընթաց։ Ավելի ճիշտ կլինի, որ այդ գործընթացը տեղի ունենա աստիճանաբար, փոքր քայլերից դեպի մեծ։ Ե՛վ ճանապարհների ապաշրջափակումը, և՛ աստիճանական համագործակցության այդ եղանակը, և՛ այդ գործոնը կարող են դրական դեր ունենալ թշնամանքը մեղմելու և փոխադարձ համագործակցության շահեր ստեղծելու երկու երկրների միջև։ Այս առումով ապաշրջափակումը նույնպես կարևոր է, պետք է այն համարել դրական հեռանկար։

– Թուրքիան քսան տարուց ավելի է ասում է, որ քանի դեռ Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխություն տեղի չի ունեցել, որը կբավարարեր մեր եղբայր Ադրբեջանին, մենք սահմանը չենք բացելու։ Հիմա տեղի է ունեցել ստատուս քվոյի անյպիսի փոփոխություն, որ Ադրբեջանը հավանաբար ամենալավ երազում չէր պատկերացնի։ Հիմա Թուրիքիան չպիտի՞ բացի սահմանը։

– Պատերազմի ավարտից շատ չանցած այս կապակցությամբ առաջին հայտարարությունը Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն արեց։ Բավական աներկիմաստ հայտարարություն էր՝ «քանի որ հիմա հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման խոչընդոտը վերացել է, մենք պատճառ չենք տեսնում, որ այդ հարաբերությունները չնորմալանան»։ Ես բառացի չեմ մեջբերում, բայց նրա ասածի իմաստը դա էր։ Դրանից հետո Էրդողանը հայտարարություն արեց տարածաշրջանի երկրների ֆորմատով ինչ-որ համագործակցության մասին, որ Հայաստանը դրանից ամենաշատը կշահի։ Դա էլ անուղղակի հրավեր էր այդ բանակցությունները սկսելու կամ այդ գործընթացը սկսելու ուղղությամբ։

Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերություններում դեռ խոչընդոտներ կան։ 1991-1992 թվականներից սկսած, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, հարց էր դրվել նաև Թուրքիայի սահմանները ճանաչելու վերաբերյալ։ Ճիշտ է՝ այդ նույն ինտենսիվության նախապայմանը չէր, ինչ Արցախի դեպքում նրանց վերաբերմունքը, բայց ինչ-որ նախապայմանի տեսք ուներ։ Ինձ թվում է՝ կան այնտեղ չլուծված խնդիրներ, բայց հարցը այստեղ հետևյալն է՝ ուզո՞ւմ է օր առաջ այդ հարաբերությունները նորմալացնել, թե՞ ոչ, և Հայաստանն ինքը ինչ է արել այդ ուղղությամբ։ Այսինքն՝ ես չգիտեմ՝ որևէ կոնտակտ եղե՞լ է Հայաստանի իշխանությունների, Հայաստանի արտգործնախարարության և Թուրքիայի միջև այդ հարցը քննարկելու համար։

Եթե թուրքերը ինչ-որ սիգնալներ են ուղարկել և ինչ-որ շահագրգռություն են ցույց տվել, այստեղ մենք պետք է մի հարց տանք՝ մենք ուզու՞մ ենք դա քաջալերել, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ պետք է քաջալերենք, մենք պե՛տք է թուրքերի հետ կոնտակտի մեջ մտնենք և սկսենք հարաբերությունները նորմալացնելու բանակցությունները։ Եվ ինձ թվում է՝ դա տեղի է ունենալու ոչ հեռու ապագայում, որովհետև, իսկապես, Արցախի խնդիրը ամենամեծ խոչընդոտն էր։ Այստեղ մի բան էլ պետք է ավելացնել․ գուցե նրանք նույնպես չեն համարում, որ Արցախի խնդիրը վերջնականապես լուծված է, գուցե նրանք նույնպես հապաղում են տեսնելու, թե ինչ տեսք է ունենալու քաղաքական լուծումը, քաղաքական լուծման վերաբերյալ բանակցությունները, նրանք ինչ-որ հավակնություններ ունեն Մինսկի խմբում ներգրավվելու և այլն։ Գուցե նման նկատառումներ կան, բայց մեծ հաշվով ինձ թվում է, որ Թուրքիայից եկող սիգնալներն այն են, որ պետք է նորմալացնել հարաբերությունները, և եղած խոչընդոտները հաղթահարելի են։

Պատրաստել է Գեղեցիկ Ոսկանյանը

Մեկնաբանել