ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առումով քննարկում չի կարող ունենալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետի մասին հարցին։
«Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետև նախ պետք է հասկանալ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք ու անպայման կհրապարակենք»,- ասաց նա։
Լիլիթ Մակունցի խոսքով՝ վարչապետի և խմբակցության հանդիպմանը քննարկվել են Փաշինյանի՝ հունվարի 11-ի մոսկովյան այցի մանրամասները։ Նա նշեց, որ առաջնահերթ քննարկվել է ռազմագերիների հարցը․ «Այդ առումով նորություն չկա, եթե լինի, արտաքին գործերի նախարարությունը, կառավարությունը կհայտարարեն»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով խորհրդակցություններ է նախաձեռնում։