Բաքվից հայտարարում են, որ Ալիևը Արցախի կարգավիճակի հարցն «ուղարկել է պատմության աղբանոց»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարությանը՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Պաշտոնական Բաքուն դիմել է ոչ դիվանագիտական բառապաշարի՝ նշելով, որ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի «կարգավիճակի հարցն ուղարկել է պատմության աղբանոց»։

Հայաստանի պետական պաշտոնյաների այցերը որակելով «ապօրինի»՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղն անվանում է «Ադրբեջանի տարածք»։

Բաքուն սպառնում է, որ եթե «առանց իր թույլտվության Հայաստանի ԱԳ նախարարը հերթական անգամ այցելի ադրբեջանական տարածքներ, դա թանկ կարժենա Հայաստանի համար»։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Այվազյանի հայտարարությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է՝ «Իլհամ Ալիևը կարգավիճակի հարցն ուղարկել է պատմության աղբանոց»։

Հունվարի 14-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպման արդյունքներով ճեպազրույցում Արա Այվազյանը նշել է․ «Մեկ անգամ ևս կրկնեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի դրել և չի կարող դնել հայ պաշտոնյաների, արտասահմանյան գործընկերների, ցանկացած մարդու՝ Արցախ այցի վրա, և նույնպես որևէ տարր չի պարունակում կարգավիճակի հստակեցման ուղղությամբ։ Հետևաբար, մենք հրավիրում ենք ադրբեջանական կողմին առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից, և եթե իսկապես պատրաստ են բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետ՝ միասին աշխատել և սկսել բանակցությունները կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ»։

***

Հունվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այցելել է Արցախ։ Նախարարի այցից հետո Բաքուն հայտարարել է, որ նրա այցը «նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է»։ Պատասխանելով Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է․ «Այդ պնդումները ամբողջովին սին և հիմնազուրկ են»։

Կարդացե՛ք նաև՝

Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծվել է․ այն չի լուծվել, կարծում է Քավանոն

44-օրյա պատերազմը չի լուծել ղարաբաղյան հակամարտությունը․ Կազիմիրով

Մեկնաբանել