Հանցավոր խումբը Արցախից Հայաստան 43 «Կալաշնիկով» է բերել՝ վաճառելու նպատակով

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Արցախից Հայաստան ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հանցավոր խումբ:

Պատերազմին մասնակցած կամավորականը, մի շարք անձանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաձիգներ, որոնք Արցախի Հանրապետությունից փոխադրել և պահել է Երևան քաղաքում գտնվող իր բնակարանում, որից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր անձանց հետ:

«Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձին հրազեններ իրացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող թաքստոցներից հայտնաբերվել է մարտի դաշտից իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված և պահված ռազմամթերք հանդիսացող մեծաքանակ փամփուշտներ, հրազեն հանդիսացող ինքնաձիգներ և շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:

Կատարված խուզարկություններով հայտնաբերվել են մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և ՀՀ տեղափոխած 43 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, 279 հատ փամփուշտներ, 30 հատ փամփշտատուփ և այլ զինամթերքներ։

ԱԱԾ-ն հորդորել էր ապօրինի փոխադրած զենք-զինամթերքը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին։

Մեկնաբանել