44-օրյա աղետի պատասխանատուները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղված է մեր օրերի պատմությունը, ավելի ճիշտ՝ Արցախյան երկրորդ պատերազմում մեր շշմեցուցիչ պարտությունը սրբագրելու գործով: Դա այն պատմությունն է, որի կերտման անմիջական և առաջին պատասխանատուն ինքն է: Նաև՝ մեղավորը ու մեղավորներից առաջինը:

Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին երբեք չի ներելու: Չեն ներելու այն ծնողները, որոնց 18-20-ամյա երեխաները կարող էին տուն վերադառնալ, եթե վարչապետը ժամանակին կանգնեցներ պատերազմը, որի հնարավորությունը կար 44-օրյա աղետի առաջին օրերին, հոկտեմբերի առաջին շաբաթը, ապա նույն ամսվա 19-ին:

Այս պատերազմում մեր պարտության առաջին և գլխավոր պատասխանատուն ու մեղավորը գործող իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության, Ազգային ժողովում մեծամասնության գլխավորությամբ, այն է՝ Հայաստանի ռազմաքաղաքական ամբողջ էլիտան:

Բայց ինչպես հաղթանակը, այնպես էլ պարտությունը ունեն բազմաթիվ տերեր ու հասցեներ:

Այս պատերազմում մեր պարտության պատասխանատուներից է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակը, Ազգային ժողովում իշխանական մեծամասնությունը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Փորձ է արվում Արցախը և նրա պատասխանատուներին տարանջատել Հայաստանից: Ռազմական, քաղաքական ու բարոյական առումով որևէ արդարացում չի կարող լինել: Չես կարող պատմությունը շարադրել այնպես, ինչպես թույլ է տալիս քաղաքական, կուսակցական նպատակահարմարությունը: Արցախյան առաջին՝ 1991-1994 թթ․ հաղթանակում արվել է հնարավոր առավելագույնը, որպեսզի դափնիները չտրվեն Հայաստանի այն օրերի իշխանություններին: Հնարվել են առասպելներ, գրվել են ակադեմիական գրքեր, նկարահանվել ֆիլմեր իբր այդ հաղթանակի կերտումը կապ չունի Հայաստանի ու նրա ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Այս պարտության պատասխանատուներից է ընդդիմությունը, որ Արցախի հարցը հերթական անգամ դարձրեց դրոշակ, թավշյա առաջնորդին մեղադրեց հողեր ծախելու մտադրության մեջ և տեղ չթողեց ղարաբաղյան հարցի կարգավորման առողջ քննարկումների, փոխզիջումներով արժանապատիվ խաղաղության փնտրտուքների համար: Ընդդիմություն ասելով՝ նկատի ունենք առաջին հերթին նախկին՝ ՀՀԿ-ական և ՀՀԿ-ամերձ իշխանություններին:

Ինչո՞ւ էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2017-ին աջակցում Սերժ Սարգսյանին: Շատ պարզ պատճառով. Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խումբը 2015-ից հստակ հասկացնել էին տալիս, որ ստատուս-քվոն այլևս հանդուրժելի չէ: Այս մտայնությունը կանաչ լույս էր նաև Ադրբեջանի համար: 2016-ի ապրիլյան պատերազմը փորձարկում էր:

Սերժ Սարգսյանին դժվար է քննադատել ոչմիթիզական մտածողության մեջ, սակայն զարմանալի էր, որ հենց նա ու նրա ղեկավարած ուժն էին Փաշինյանին մեղադրում հողեր զիջելու մտադրության, ճիշտ այնպես, ինչպես մենք էինք երրորդ նախագահին օր ու գիշեր հիշեցնում յոթ շրջաններ Ադրբեջանին զիջելու շարունակական հայտարարությունների մեջ: Սերժ Սարգսյանը պիտի իմանար ու գիտեր սպասվելիք աղետը, սակայն ոչ միայն չփորձեց օգնել Փաշինյանին, ինչպես Տեր-Պետրոսյանն էր օգնում իրեն 2017-ին՝ հարվածի տակ դնելով հեղինակությունը, այլ հող զիջելու, Արցախը հանձնելու թեման դարձրել էր հռետորաբանություն ու «ռուպոր»:

Այս պայմաններում ինչ էր մնում անել պոպուլիստ, հայաստանցիների 70 տոկոս օգնությամբ իշխանության եկած Փաշինյանին, եթե ոչ Ստեփանակերտում հայտարարեր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Այս հայտարարությունը Ադրբեջանին պատերազմի կոչ էր: Դրան հետևեց տավուշյան արկածախնդրությունը:

Մենք բացարձակապես նպատակ չունենք արդարացնել Փաշինյանի աղետալի քաղաքականությունը և սխալները 44-օրյա պատերազմի ընթացքում, բայց պետք է նաև հասկանալ, որ աղետը միայն մեկ պատասխանատու և մեղավոր չունի:

Պատասխանատվության բաժին ունեն Հայաստանի և Արցախի այն նախագահներն ու արտգործնախարարները, ռազմական գործիչները, որոնք հակամարտությունը կարգավորելու փոխարեն զբաղված էին այն ձգձգելով ու իշխանություն պահելով: Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը, Վարդան Օսկանյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Էդվարդ Նալբանդյանը պատասխանատու են, քանի որ հակամարտության սառեցումը հասցրեցին այնպիսի իրավիճակի, երբ պատերազմը այլևս չուներ այլընտրանք:

Հայդատական մտածողությունը, Սևրի երազանքը կրող կուսակցությունները, սփյուռքյան կազմակերպությունները, Հայ առաքելական եկեղեցին, մյուս հարանվանությունները ևս ունեն պատասխանատվության իրենց բաժինը, քանի որ առաջնորդվում էին ոչ թե հնարավորը, մեզ անհրաժեշտը, այլ ամեն ինչը ստանալու մոլուցքով ու փիլիսոփայությամբ՝ իրենց քարոզչությամբ ծածկելով առողջ քննարկումների դաշտը:

Մենք ոչ միայն չստացանք ամեն ինչ, ոչ միայն չստացանք հնարավորը, անհրաժեշտը: Մենք չստացանք ոչինչ: Մենք ստացանք կապիտուլյացիա, մինչև 5000 երեխաների ուղարկեցինք մահվան դուռը, հազարավորները խեղվեցին, կորցրեցինք գրեթե հնարավոր առավելագույնը այն դեպքում, երբ կարող էինք պահել 4,4 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախ, ինչպես նաև՝ Հայաստանն ու Արցախը միմյանց կապող շրջան կամ ապահով հողաշերտ:

Մենք հաղթական դիրքերից կարող էինք հեռանալ վեց շրջաններից, սակայն նախընտրեցինք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան:

Պատասխանատու են հանրային կարծիք ստեղծողներն ու դրա վրա ազդեցություն ունեցողները, այդ թվում այս տողերի հեղինակը, ովքեր խիզախություն չունեցան գրելու, որ ոչմիթիզականությունը, ինչպես նաև բոլոր այն գաղափարախոսությունները, որոնք պետությունը չի կարող կյանքի կոչել այսօր, տվյալ պահին՝ արկածախնդրություն է, պետության ու պետականության մերժում և աղետ Հայաստանի Հանրապետության ու նրա շարունակության՝ Արցախի համար:  

Անշուշտ, կարող է քաղաքական բանավեճի մաս կազմել նաև շրջանառվող տեսակետը, թե մենք պարտվեցինք, քանի որ ունեինք Նիկոլ Փաշինյանի նման ապաշնորհ, դեմագոգ, պոպուլիստ ղեկավար: Որ եթե մենք վերաբնակցնեինք Արցախն ու հարակից շրջանները, որ եթե մենք ունենայինք ազգային երազանք, չլինեինք կոռումպացված, ապա այս պատերազմում չէինք պարտվի: Ինչպես չպարտվեցինք 1991-1994-ին:

Այո, կարող էր չլինել նաև 1920 թվականի Կարսի աղետը, երբ օրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՅԴ-ի առաջնորդությամբ կորցրեց 30 հազար քառակուսի կիլոմետր Հայաստան, ապա ստորագրեց Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան:

Բայց հետաքրքիր է՝ ինչո՞ւ է լինում: Ու ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կարող է չլինել 100 տարի անց՝ 2120-ին:  

Ինձ երբեմն թվում է, որ 1991-2020 թվականներին ես չեմ ապրել: Կամ անիմաստ եմ ապրել:

44-օրյա աղետի մեջ, որպես ՀՀ քաղաքացի, ես էլ ունեմ իմ պատասխանատվությունն ու իմ մեղքը: Այն ինձ հետապնդում է ամեն Աստուծո օր: