Ամեն ինչ արվում է, որ օր առաջ ռազմագերիների խնդիրը լուծվի. Արման Սարգսյան

Պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի օր առաջ լուծվի ռազմագերիների խնդիրը։ Այս մասին հունվարի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«Դուք ո՞նց եք պատկերացնում՝ որքանո՞վ է հաճելի որևէ գերատեսչության կամ պաշտոնատար անձի ունենալ այսպիսի զգայուն խնդիր, ինչպես նաև դառնալ քննադատության առարկա։ Որևէ մեկը չի զլանում այդ ուղղությամբ պատշաճ աշխատանքներ իրականացնել։ Վստահեցնում եմ, որ ամեն ինչ արվում է, որ օր առաջ այս խնդիրը լուծվի»,- ասաց նա։

Փոխնախարարը անդրադարձավ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զորահավաքից խուսափելու հարցին՝ հայտնելով, թե Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար շուրջ 10 հազար անձ է հետախուզվում։ Այդ հոդվածն առնչվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերին։

Խոսելով փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքից՝ նշեց, որ իր համար «մեծ պատիվ ու պատասխանատվություն է հետպատերազմյան շրջանում իրեն վստահված այս պաշտոնը»։

«Ես շուրջ 25 տարի ծառայել եմ Հայաստանի ոստիկանությունում: Ինձ համար որպես սկզբունք դրված չէ, որ եթե ես եղել եմ ոստիկանության պետ, հետևաբար չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք: Ես դրանում որևէ խնդիր չեմ տեսնում»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ դեռևս հստակ չգիտի, թե պաշտպանական գերատեսչությունում որ ոլորտն է համակարգելու։ 

*** 

Արման Սարգսյանը այս պաշտոնին է նշանակվել հունվարի 8-ին։ Նա ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի մարտի 19-ից մինչև հունիսի 8-ը։ Ի դեպ, Արման Սարգսյանը պաշտոնանկ եղավ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքից հետո, որին մասնակցել էին մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ինքը՝ նախկին ոստիկանապետը։ Հարսանիքը տեղի էր ունեցել 2020-ի հունիսի 7-ին, երբ կորոնավիրուսը Հայաստանում լայն թափով տարածվում էր ու վարչապետի մակարդակով կոչ էր արվում չիրականացնել մարդաշատ միջոցառումներ։ Հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բացի Արման Սարգսյանից և Արտակ Դավթյանից, պաշտոնից ազատվեց նաև ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Արդյոք հարսանի՞քն է եղել պատճառը, նախկին ոստիկանապետը պնդեց` պատճառը դա չէ եղել:

Լուսանկարը՝ արխիվային