Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը: Տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։
«2020 թվականը, այդ թվում տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Պետք է ձևակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները և իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետևանքով»,- բացման խոսում ասել է Փաշինյանը։
Խորհրդակցությանը քննարկվել են 2022թ. պետբյուջեի նախագծի, ինչպես նաև 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմանը վերաբերող հարցեր։
«Ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաև բազմաթիվ հնարավորություններ: Իհարկե, նախևառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների լուծման վրա, և մյուս կողմից, արձանագրենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը և դրա հնարավոր իրագործումը կարող է բոլորովին նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել ՀՀ համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել՝ կրկնում եմ, մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու, այլև ավելի բարձր նշաձողեր հաստատելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2022թ. մակրոտնտեսական շրջանակի և տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կանխատեսումները: Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի և Արցախում պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ նպատակահարմար է ավելի վաղ սկսել բյուջետային գործընթացի շուրջ քննարկումները: