Արցախի մշտադիտարկման կենտրոնում կծառայեն 60-ական ռուս և թուրք զինվորականներ

Արցախում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնում կծառայեն 60-ական զինվորականներ՝ Ռուսաստանից և Թուրքիայից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Sabah թերթին։

«Հրադադարի դիտարկման կենտրոնի գտնվելու վայրը որոշված է, դա Աղդամի շրջանն է։ Շինարարությունն արդեն սկսված է։ Առաջին փուլում այնտեղ ծառայելու են 60 թուրք և ռուս զինծառայողներ։ Մեր զինվորականներն արդեն սկսել են այնտեղ մեկնել»,- ասել է Չավուշօղլուն։

2020 թ․ դեկտեմբերի 1-ին Մոսկվան և Անկարան Արցախում մշտադիտարկման կենտրոն ստեղծելու համաձայնագիր էին ստորագրել։

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահ Էրդողանի հրամանագրին՝ Ադրբեջան զինված ուժեր ուղարկելու վերաբերյալ։ Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ռուս և թուրք զինծառայողները մասնակցելու են Ղարաբաղում քաղաքացիների անվտանգության ապահովման գործողություններին»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ զինծառայողներ ուղարկելու մասին հրամանագիրը «Թուրքիայի ներքին գործն է, իսկ համատեղ կենտրոնի ստեղծումը՝ Մոսկվայի և Անկարայի երկկողմ պայմանավորվածության արդյունք»։

Մեկնաբանել