Զինվորների ծնողները վարչապետի հետ առաջիկայում նորից կհանդիպեն

Ժամկետային զինծառայողների ծնողների հետ հունվարի 16-ին հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումից հետո նրանցից Սուրեն Ջուլհակյանը լրագրողներին հայտնեց, որ արդյունքներն իրենց չեն գոհացրել․ «Նախ պետք է արձանագրել, որ վարչապետը գնաց ընդառաջման՝ հասկանալով հարցի լրջությունը։ Այդուհանդերձ, մենք բավարարված չենք, քանի որ մեր բարձրաձայնած խնդիրների մասին խոսելը դեռ վաղ է։ Մենք խոսել ենք ընդհանուր խնդիրների շուրջ, հաջորդ հանդիպմանն ավելի հստակ կլինի ամեն ինչ»,- ասաց Ջուլհակյանը։

Ծնողները պահանջում են, որ իրենց որդիները ծառայությունը շարունակեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հունվարի 14-ին նրանք կրկին կառավարության դիմաց ակցիա էին իրականացնում, որի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց հանդիպել վարչապետի հետ։