Լարսը փակ է, 450 մեքենա է կուտակվել ռուսական կողմում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։

ԱԻՆ-ը նաև տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մասնավորապես, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է և տեղ-տեղ մերկասառույց) բեռնատարների համար փակ է, իսկ այլ տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։