Հայաստանի կապը Լեռնային Ղարաբաղի հետ ոչ ոք երբեք չի հերքել, այդ կապը կտրելու հարց երբեք չի քննարկվել․ Լավրով

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև կապը որևէ մեկը երբեք չի հերքել․ այսօր կայացած մեծ ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե «հաշվի է առնվում արդյոք Ադրբեջանի բողոքը հայաստանյան պաշտոնյաների՝ Լեռնային Ղարաբաղ այցերի դեմ, ինչո՞ւ նրանք թույլտվություն չեն ստանում ադրբեջանական կողմից, ինչպե՞ս են ռուս խաղաղապահները կարգավորելու այդ հարցը»։

«Բոլոր պայմանավորվածություններում, նախևառաջ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ամրագրված է կողմերի համաձայնությունն այն հարցում, որ ապահովվելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև կապը Լաչինի միջանցքով, որը լինելու է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Հայաստանի կապը Լեռնային Ղարաբաղի հետ ոչ ոք երբեք չի հերքել։ Տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։ Եվ հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես հայեցակարգ, որևէ մեկի կողմից չի մերժվել։ Եվ այն նախկինի պես կողմերի համաձայնության, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնության առարկա է հանդիսանում։

Եթե մենք համաձայն ենք, – իսկ բոլորը դրանում համաձայն են,- որ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի ու Հայաստանի հայերի միջև կապ, չեմ տեսնում այդ մակարդակում շփումներին խոչընդոտելու պատճառներ։ Հայաստանի պաշտոնատար անձինք ներգրավված են ԼՂ-ին մարդասիրական օգնության ցուցաբերման գործընթացում, ինչը որևէ բացասական արձագանք չի առաջացնում Բաքվում, և տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ։ Այն, որ Հայաստանի այդ պաշտոնյաները ԼՂ-ում բավական քաղաքականացված հայտարարություններ են անում, թերևս լարվածություն է առաջացնում, լավ կլիներ խուսափել դրանից։ 44-օրյա պատերազմից առաջ ականատես ենք եղել, թե ինչպես են ԼՂ-ում կամ դրա վերաբերյալ հուզական հայտարությունները․․․ («նոր պատերազմ՝ նոր տարածքներ» և այլն)․․․Գիտեք՝ խոսքը դառնում է նյութական ուժ։ Այդ պատճառով մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների միջև շփումներին, վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Հենց այդ պատճառով էլ ներկայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման որպես առաջնահերթ հարց առաջ քաշելու լավագույն ժամանակը չէ։ Այն մնում է ապագայի համար» ,- ասաց Լավրովը։

Հայաստանյան պաշտոնյաների՝ Լեռնային Ղարաբաղ այցերի, Բաքվի արձագանքների մասին ավելին՝

Բաքվից հայտարարում են, որ Ալիևը Արցախի կարգավիճակի հարցն «ուղարկել է պատմության աղբանոց»

Մեկնաբանել