ՊԵԿ նախագահը՝ Միքայել Մինասյանի քրեական գործի, Սոթքի հանքի և հարկ վճարողների մասին

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է։ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Մինասյանի գործի մասին ՊԵԿ-ը 2020-ի հուլիսին հայտարարեց, թե «Միքայել Մինասյանին առնչվող ենթադրյալ հանցավոր արարքները, նրա և նրա մերձավորների տիրապետության տակ գտնված ֆինանսական միջոցների մասին հայտնաբերված տեղեկատվությունը աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության իրավապահ համակարգի պատմության համար»։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Միքայել Մինասյանը 2017-2018-ի ընթացքում միլիոնավոր դրամերի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է»: 

«Աննախադեպ ծավալներով և բավականին բարդ քրեական գործ է, ընթացքի մասին մենք պարբերաբար հայտնում ենք։ Այս պահին նախաքննություն է ընթանում»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը ՍիվիլՆեթին նաև ներկայացրեց Սոթքի ոսկու հանքի խնդիրը։ 2020-ի դեկտեմբերին, երբ Արցախի նախկին շրջաններից Քարվաճառը անցավ Ադրբեջանին, կիսվեց նաև հանքը։

ՊԵԿ ղեկավարը հաստատեց տեղեկությունը, որ հանքը մասնակի է գործում։ Այն հազար խոշոր հարկատուներից չորրորդն է. «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը, որ շահագործում է Սոթքի հանքավայրը, 2020-ի տվյալներով պետական բյուջե է մուծել ավելի քան 23 մլրդ դրամ։ Մեր տեղեկություններով հանքը հիմա աշխատում է մասնակի։ Չենք կարող ասել, թե որքանով կկրճատվեն դրա հետևանքով պետական բյուջեի եկամուտները, առաջիկա ամիսների արդյունքները ցույց կտան։ Միգուցե խնդիրը կարգավորվի ու վերադառնա ամբողջական գործունեության դաշտ»,- նշեց Հովհաննիսյանը։

Էդվարդ Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ պատերազմից հետո հարկ վճարողների վարքագիծը փոխվել է. «Հարկ վճարողների մի ստվար զանգված ճիշտ է արձագանքել ու գնահատել ստեղծված իրողությունը՝ իրենց գործունեությունը կառուցելով ավելի օրինապահ դաշտում, այսինքն՝ ընտրել են կարգապահ հարկ վճարողի ճանապարհը»։

Գևորգ Թոսունյան