Տպավորություն է, որ ցինիզմը իշխանությունների համար քաղաքական կատեգորիա է:
Օրինակ՝ ի՞նչ կարելի է մտածել, երբ ֆինանսական հսկայական ռեսուրսների տիրապետող, Հայաստանի շաքարավազի շուկայի 100-տոկոսանոց մենատեր, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարում է, որ փող չունի քարոզարշավի համար և կնոջից է խնդրում կամ էլ լրագրողներից, կամ երբ մեկ այլ գործարար-պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը 50 հազար դրամ է փոխանցում Ալեքսանյանի նախընտրական հիմնադրամին:
Իրավիճակը ոչ միայն զավեշտալի, այլև ողբալի է, քանի որ իրենց ցինիզմ թույլ տվող գործիչները վայելում են երկրի ղեկավարի անվերապահ աջակցությունը, ավելին՝ ՀՀ նախագահը հրապարակային քարոզ է անում նրանց օգտին:
ՀՀ նախագահը և, ընդհանրապես, որևէ երկրի ղեկավար՝ իր անձով պետք է մարմնավորի մարդկային բարոյական կերպարին հատուկ գծեր, և դա պետք է վերաբերի նաև նրա շրջապատին:
Ինչ ենք տեսնում իրականում՝ նախագահի բարձր հովանու ներքո գնտվող անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, և դա լռելյայն հավանության է արժանանում երկրի ղեկավարի կողմից:
Սամվել Ալեքսանյանի օգտին քվեարկելու ՀՀ նախագահի կոչը տարօրինակ է: Մի՞թե դա է «Հավատանք, որ փոխենք» բանաձևը: Կամ գուցեև դա է…