Ինչպիսին կլինի հեռուստաեթերն առաջիկա յոթ տարում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 14-ի և 15-ի նիստերից, քվեարկությունից և հաշվարկից հետո ամփոփել է Հայաստանում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթի արդյունքները: Հանրապետական սփռում ստանալու համար հայտ էր ներկայացրել 12 ընկերություն, որոնցից 2-ը՝ 1in.am-ը և Հանրային հեռուստաընկերության երկրորդ ալիքը, հետ են կանչել իրենց հայտերը:

Տասը ընկերություն մրցում էին հանրապետական հինգ հաճախականության համար։ Հ2-ը, Արմենիան և Ա1+-ը մրցում էին միայն հանրապետական ծածկույթ ունենալու համար, իսկ Արմնյուզը, 5-րդ ալիքը, Կենտրոնը, ATV-ն, Երկիր մեդիան, Շանթն ու Ֆրինյուզը և՛ հանրապետական, և ՛ մայրաքաղաքային հեռարձակում ստանալու համար:

Մրցույթի գնահատականների չափորոշինչներն էին սեփական արտադրության հաղորդումների և հայերեն հաղորդումների գերակայություն, բազմակարծությունը խթանելու կարողություն, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն, համամարդկային, ազգային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանը ուղղված հաղորդումների գերակայություն:

Վարկանշային քվեարկության միավորների համաձայն՝ հանրապետական սփռում կիրականացնեն ամենաբարձր միավոր հավաքած հետեւյալ հինգ հեռուստաընկերությունները՝ Արմենիա թիվի, Երկիր մեդիա, Շանթ, ATV և Կենտրոն թիվի։

Եթերից զրկվեց Հ2-ը, Ա1+-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա, իսկ Արմնյուզը ու 5-րդ ալիք-ը ստացան միայն մայրաքաղաքային սփռման հնարավորություն։

Բացառապես Երևանում կհեռարձակվեն նաև Արփի մեդիան, Դար 21-ը և Նոր Հայաստանը։ Հայաստանում հեռարձակման իրավունք է ստացել նաև ռուսական երեք հեռուստաալիք, որոնցից մեկը` հանրապետական, երկուսը՝ մայրաքաղաքային՝ ըստ կնքված միջկառավարական համաձայնագրի։

Այս անգամ լիցենզավորումը տրվել է յոթ տարի ժամկետով՝ նախկին տասի փոխարեն։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ երկրում քաղաքական փոփոխությունները չեն ազդել հեռարձակվող լրատվամիջոցների ցանկի վրա։ Այս մասին նա ասաց Մեդիա կենտրոնի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ։ Ամենախնդրահարույցը, ըստ նրա, օրենսդրական կարգավորումներն են․

«Անկախ նրանից, որ տեղի են ունեցել բավականին լուրջ տեխնոլոգիական առաջընթաց ապահովող գործընթացներ, մենք մնացել ենք այն նույն իրավիճակում, ինչ ունեցել ենք 20 տարի առաջ։ Վերգետնյա հեռարձակում իրականացնելու համար շարունակում է պահպանվել պետական մուլտիպլեքս օպերատորի մենաշնորհը։ Լրատվամիջոցներում ունենալ մենաշնորհային իրավիճակներ այսօր զավեշտ է։»,- ասաց նա։

Նավասարդյանը զավեշտալի համարեց նաև այն, որ մարզերում հնարավորություն չկա վերգետնյա հեռարձակում իրականացնող տարբեր լրատվամիջոցների մրցակցության համար։ Այսինքն՝ ամեն մի մարզում ընդամենը մեկ հանրային մուլտիպլեքսի հնարավորություններով օգտվող հեռուստաալիք է լինելու։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ այն կարծիքին է, որ հանձնաժողովն աշխատել է լիցենզիաներ տրամադրել բոլոր այն հեռուստաընկերություններին, որոնք ասոցացվում են տարբեր քաղաքական ուժերի հետ։

Բանախոսների կարծիքով պետք է անցկացվի այդ մրցույթների աուդիտ․ ուսումնասիրվի յուրաքանչյուր հայտ և թե ինչով է պայմանավորված այդ հայտին տրված գնահատականը։ Պետք է հնարավորինս նվազեցնել սուբյեկտիվիզմի հանգամանքը։

«Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այս դաշտում չունենք ռազմավարություն և դրանից ելնելով մենք հաճախ ունենք ոչ ադեկվատ չափորոշիչներ, ոչ ադեկվատ սպասումներ, հետևաբար՝ ոչ ադեկվատ գնահատականներ»,- ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։

Նա կարծում է, որ այն հեռուստաընկերությունները, որոնք եթերում են և որոնք չեն ունեցել արձանագրված լուրջ նկատողություններ և խախտումներ, պետք է շարունակեն գործել, ինչպես նաև ապահովել նոր հեռուստաընկերույթունների մուտքն ազատ հաճախականություններ ունենալու դեպքում։

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել