Ալեքսեյ Նավալնին 30 օրով կալանավորվեց

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը նախօրեին Ռուսաստան է վերադարձել Գերմանիայից, 30 օրով կալանավորվել է: Հունվարի 29-ին դատարանը պետք է որոշի, թե արդյոք պայմանական պատիժը կփոխարինվի «Իվ Ռոշե»-ի գործով իրական պատժով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նավալնու խափանման միջոցն ընտրելու հարցը քննվել է Խիմկիի ոստիկանության բաժնի աշխատասենյակներից մեկում, որտեղ քաղաքական գործչին տեղափոխել էին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալելուց անմիջապես հետո:

Ըստ լրատվամիջոցի՝ դատարանի արտագնա նիստը, որը որոշել են անցկացնել հենց ոստիկանության բաժնում, անսպասելի էր Նավալնիի և նրա փաստաբանների համար։

Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել, որտեղ 5 ամիս վերականգնվում էր «Նովիչոկ» մարտական թունավոր նյութից թունավորվելուց հետո: Մոսկվա ժամանելուց հետո՝ անձնագրային հսկողության կետում, քաղաքական գործչին ձերբակալել են և տարել են Խիմկիի ոստիկանության բաժին։

Մեկնաբանել