Դեռ դեկտեմբերին ռուսական կողմին և ԿԽՄԿ-ին փոխանցվել են գերիների ամբողջական ցանկերը․ Ավինյանի գրասենյակ

Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը։

«Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և զերծ է մնում ձևակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ և անվտանգ հայրենադարձման գործընթացին:

Ինչ վերաբերում է գերիների մասով հայկական կողմի ներկայացրած ցուցակներին, ապա դրանց թվային տվյալների խորհրդապահական բնույթը հաշվի առնելով, հարկ է սոսկ տեղեկացնել, որ դրանք ներկայացվել են պարբերաբար՝ մի քանի փուլով՝ ըստ թարմացումների: Ընդ որում՝ դեռևս դեկտեմբեր ամսին ռուսական կողմին և ԿԽՄԿ փոխանցվել են ամբողջական ցանկերը»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ռազմագերիների հարցին անդրադարձել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ այդ խնդիրը բավական երկար քննարկվել է: Ի սկզբանե այս հարցում հեևյալ խնդիրն էր դրված, որ հայկական և ադրբեջանական կողմերը կազմեն այն անհայտ կորած անձանց ցուցակները, որոնց նրանք ցանկանում են դուրս բերել գերությունից: Ադրբեջանը ներկայացրել է նման ցուցակ, քանակն աննշան էր: Նրանք բոլորը ոչ միանգամից, բայց վերադարձվել են: Դրանից հետո ադրբեջանական կողմից անհայտ կորածների, գերիների կամ այլ պահվող անձանց ցուցակներ չեն ներկայացվել», – ասել է Լավրովն ու հավելել, որ հայկական կողմն այդ ցուցակները ներկայացրել է «ոչ միանգամից և ոչ ամբողջական»:

Մեկնաբանել