Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են գերիների հարցը, այլ հարցեր

Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցների՝ արտգործնախարարներն անդրադարձան տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը: 

Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման և այդ գործում միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածության կարևորության վրա: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգի շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում:

Լուսանկարում՝  Գերի և անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ցույց են անում Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, հունվարի է, 2021 (Ֆոտոլուր)