Ռամիլ Սաֆարովից՝ Իլհամ Ալիև. կացին և դիվանագիտություն

2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Այդ օրը Ադրբեջանին հաջողվել էր տուն վերադարձնել Հունգարիայում ցմահ ազատազրկված Ռամիլ Սաֆարովին: Նա 2004-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերենի դասընթացների օրերին գիշերը կացնահարել էր 26-ամյա հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին՝ քնած ժամանակ:

Սաֆարովն Ադրբեջանում արժանացավ հերոսին վայել ընդունելության և Իլհամ Ալիևի կողմից ներման, ինչին միջազգային հանրությունը կոշտ արձագանք տվեց: Ադրբեջանի նախագահը, սակայն, հայտարարեց, որ Սաֆարովին ազատ արձակելու որոշումը «օրինական է և արդար»:

Սեպտեմբերի սկզբին, երբ Սաֆարովն արդեն վերադարձել էր տուն, Բաքվի փողոցներում Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը (Ալիևը այն փակեց ավելի ուշ) անցորդներից հարցնում էր կարծիք Սաֆարովի արարքի վերաբերյալ: Մի երիտասարդ ադրբեջանցու պատասխանը կարող է ընդհանուր պատկեր տալ երկրում հայատյացության ծավալների մասին. «Այս մարդը հայրենասեր է: Մարդ սպանելը հերոսություն չէ, բայց Ռամիլը հայ է սպանել»:

Ալիև որդու իշխանության գալով` Ադրբեջանում հայատյացությունը ու պատերազմական հռետորաբանությունը բարձրացվեց պետական քաղաքականության մակարդակի: Դեռ վարչապետության շրջանում՝ 2003-ի ամռանը, Ալիևը երկրի ոչ կառավարական կազմակերպություններին հորդորեց դադարեցնել հայերի հետ շփումները, քանի դեռ Ղարաբաղը չի վերադարձվել Ադրբեջանին:

Բաքվի ռազմատենչ քարոզչության ակտիվացման, Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ատելության ու թշնամանքի սերմանման քաղաքականության հետևանք էր 2004թ. հունվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի արարքը:

Ու մինչ միջազգային կազմակերպությունները և անհատ գործիչներ դատապարտում էին ոճրագործությունը, Սաֆարովին իր հայրենիքում հերոսացնում էին, հռչակում տարվա մարդ:

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան հայտարարեց. «Ռամիլ Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ դառնա ադրբեջանցի երիտասարդության համար»:

Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհտիևը հայերին խորհուրդ տվեց հանգիստ չքնել, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, բուդապեշտյան պատահարները կարող են կրկնվել:

Խորհրդարանի պատգամավոր Անար Մամեդխանովն «ափսոսանք» հայտնեց. «Ես մեր սպաներին միշտ ասում եմ` ձեր կարիքը Ղարաբաղում կա: Հայերին պետք է սպանել Ղարաբաղում, այլ ոչ թե ուրիշ երկրներում»:

Մեկ այլ պատգամավոր` Զահիդ Օրուջը նկատեց, որ եթե «այսօր մենք չկարողանանք կանգնել Ռամիլ Սաֆարովի պաշտպանության համար, ապա վաղը ադրբեջանցիներից և ոչ մեկը հայերի դեմ զենք չի բարձրացնի, երբ լինի դրա անհրաժեշտությունը»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը կանխատեսեց. «Առաջիկա 25-30 տարիներին Հարավային Կովկասում Հայաստան պետություն չի լինելու: Այդ ժողովուրդը հարևանների հանդեպ այնքան ստորություններ է արել, որ իրավունք չունի ապրելու տարածաշրջանում: Արդի Հայաստանը կառուցվել է ադրբեջանական պատմական հողերի վրա: Կարծում եմ` 25-30 տարի հետո այդ տարածքները կրկին կանցնեն Ադրբեջանի իրավասության տակ»:

Բուդապեշտում 2004 թվականի այս օրը՝ հունվարի 19-ին կատարվածը, հայատյացությունը պատական մակարդակի հասցնելն ու միլիարդավոր դոլար արժողությամբ սպառազինությունների ձեռք բերումը Ալիևի Ադրբեջանի կողմից բացահայտ ակնարկ էր՝ ուղղված Հայաստանին, որ պատերազմն անխուսափելի է:

Թաթուլ Հակոբյան