Արցախ. ինչ կա ու ինչ անել

Վերադարձա Արցախից լի զգացողություններով ու մտորումներով: Ենթադրում եմ, որ շատերը կուզեն իմանալ, թե ինչ է կատարվում դեպի Արցախ ճանապարհին ու հենց այնտեղ: Դրա համար էլ կիսվում եմ տեղեկություններով ու նաև որոշ մտքերով:

Գորիսից հետո կա յոթ պոստ: Առաջին պոստը Աղավնո գյուղում է, հայկական ԱԱԾ-ի տղաներն են կանգնած, ու միակ տեղն էր որտեղ անձնագիր խնդրեցին: Մնացած վեցը ռուս խաղաղապահների պոստերն են, որտեղ քաղաքավարի հարցնում են՝  ուր ես գնում և քանի անձ կա մեքենայի մեջ: Պատասխաններն արձանագրվում են: Երբեմն բեռնախցիկն են ստուգում:

Լաչինի միջանցքն ամբողջությամբ ու խիստ վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Նրանց պոստերը գերհագեցած են զինտեխնիկայով ու ռազմական սարքավորումներով: Որոշ պոստերում ռուս զինվորները նաև հայերեն են խոսում: Հայ շունիկները հիմա ռուս խաղաղապահների հետ են ընկերություն անում:

Ադրբեջանցի զինվորականներ նկատեցի միայն Շուշիի մատույցներում ու Բերձոր քաղաքից առաջ գտնվող (վերադարձի ճանապարհին) խաղաղապահների պոստի մոտ: Ազերիների ու ճանապարհի միջև միշտ կանգնած են խաղաղապահները, բայց ազերի զինվորները քար նետելու հեռավորության վրա են:

Դեպի Շուշի ազերիների ելումուտը հիմնականում Արցախի տարածքից է, այդ իսկ պատճառով նրանք էլ են օգտագործում ճանապարհը, սակայն խաղաղապահների ուղեկցությամբ: Ցավալի էր տեսնել, որ հայերի մուտքը Շուշի սահմանափակված է:

Ստեփանակերտն ինչպես միշտ լուսավոր, մաքրամաքուր, աշխույժ ու եռուզեռով լի քաղաք է: Երբեմն նույնիսկ խցանումներ են առաջանում: Պատերազմ հենց նոր տեսած քաղաքի տպավորություն չի թողնում: Հաճախ կարելի է տեսնել զինված հերթապահություն իրականացնող հայ ոստիկանների: Ստեփանակերտն ապրելու քաղաք է:

Պետք է շատ գնալ Արցախ: Անընդհատ ու տարաբնույթ նպատակներով՝ մշակութային, գիտական, կրթական, զբոսաշրջային, տնտեսական, քաղաքական: Այցելություններով, զանազան միջոցառումներով, ներդրումներով, համատեղ միջոցառումներով պետք է ցույց տալ, որ Արցախի իրական տերը մենք ենք: Զգացողությունս այն է, որ թե՛ հայաստանցիները ու թե՛ ազերիները վախվորած են․ հայաստանցիները անվտանգության ու անորոշության դրդապատճառներով, ինչպես նաև Ալիևի հոխորտանքներից, իսկ ազերիները` հայերի վրեժից: Եթե մենք ակտիվ չմասնակցենք Արցախի կրթական, գիտական, տնտեսական ու քաղաքական կյանքին, ապա ազերիները հետզհետե իրենց ոտքը պնդացնելու են մեր հայրենիքում ու հինգ տարվա ընթացքում մենք կկորցնենք Արցախը` որպես հայերի բնօրրան:

Արցախը որպես հայկական ներքաղաքական ու աշխարհաքաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչ, կարծում եմ, այժմ դուրս է մնացել, որքան հասկանում եմ՝ հատկապես գործող իշխանության ցանկությամբ ու թողտվությամբ: Զգում եմ (հուսով եմ՝ սխալ եմ), որ Արցախի սոցիալական, հումանիտար, տնտեսական, անվտանգային ու զարգացման խնդիրները հետզհետե վերագրվում ու փոխանցվում են ռուսներին: Եթե այդպես է, ապա սա անթույլատրելի է ու Հայաստանի և հայկական ազգային շահերին հակասող:

Զգացողությունս նաև այն է, որ Արցախի հայերն իրենց լքված ու մոռացված են զգում: Արցախն ապահովում էր Հայաստանի անվտանգությունը: Դա ապացուցվեց նաև այս պատերազմի արդյունքով: Մենք ցավալիորեն կորցրինք Հայաստանի անվտանգությունը: Արցախի մնացած տարածքի հայկական լինելով է միայն, որ այժմ Հայաստանը կարող է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մի փոքր, սակայն կարևոր դեր ունենալ: Եթե այն դադարի հայկական լինել (իսկ ազերների նպատակը հենց դա է), ապա Հայաստանը որպես պետություն վերջնականապես կդադարի գործոն լինելուց ու կվերածվի կույրաղիքի` խցկված թուրքերի ու ազերիների արանքում:

Արցախում հումանիտար, սոցիալական, ենթակառուցվածքային, քաղաքաշինական, տնտեսական, աշխատատեղերի և վերջապես հայապահպանման մարտահրավերները վիթխարի են: Առանց Հայաստանի ու Սփյուռքի ակտիվ մասնակցության դրանք անհնար է լուծել: Հարկ է օր առաջ լծվել այդ մարտահրավերների լուծման աշխատանքին: Օր առաջ, եթե իհարկե ուզում ենք պետականություն ունենալ:

Ի՞նչ անել․ լինել նախաձեռնող ու դրական առումով ագրեսիվ:

· Ինչպես վերևում նշեցի, պետք է անընդհատ, բոլոր առիթներով, նաև՝ առիթներ ստեղծելով գնալ Արցախ: Երբեմն նաև հենց այնպես, պարզապես ասելու, որ մենք այստեղ ենք ու մեզ բացակա չդնեք:

· Պետք է Արցախում ինտենսիվորեն կազմակերպել մշակութային, գիտական, կրթական, սպորտային, տնտեսական ու քաղաքական միջոցառումներ: Հայաստանի պետական պաշտոնյաներն ու հանրային գործիչները պետք է հետևողականորեն այցելեն Արցախ` կապերն ամրապնդելու ու միջոցառումներ իրականացնելու` որքան էլ որ Ադրբեջանի ոճրագործը նվնվա: Ոչինչ. կսովորի: Վստահ եմ նաև, որ ռուսները ուրախ կլինեն, եթե մենք ակտիվ լինենք Արցախում:

· Արցախում պետք ակտիվորեն աշխատել աշխատատեղեր բացելու ու ներդրումներ անելու վրա: Տնտեսական ակտիվությունն Արցախում նաև կօգնի, որ Հայաստանի բյուջեի ֆինանսական բեռը Արցախի մասով թեթևանա հետզհետե: Իմ տեղեկություններով՝ Ստեփանակերտի կենտրում բնակարանների գներն իջել են մինչև 15 000 – 20 000 դոլար: Չպետք է թույլ տալ, որ ազերիները դրանք գնեն, իսկ նրանք հաճույքով կգնեն, եթե հնարավորություն ունեն: Վաճառվող բնակարանները պետք է գնվեն հայերի կողմից: Դա անելու համար կարելի է նաև ստեղծել ֆոնդ, որը դրանք գնելուց հետո անվճար կտրամադրի անապահով տեղահանվածներին և կվարձակալի ավելի ապահովված բնակիչներին:

· Ռուսների հետ պետք է ակտիվ բանակցել, որ գործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը` քաղաքացիական ավիաչվերթների ու բեռնափոխադրումների համար: Սկզբում միգուցե միայն Ռուսաստանից: Դա հնարավարություն կտա նաև, որ ռուսաստանաբնակ հայերն ավելի հեշտությամբ Արցախ այցելեն:

· Խոսելով Սփյուռքի մասի: Սփյուռքի, հատկապես ռուսաստանաբնակ հայերի դերը մեծ կարող է լինել Արցախում ներդրումներ անելու ու տնտեսական ակտիվությունը մեծացնելու հարցում: Կարևոր է նաև, որ սփյուռքահությունը ներգրավվի Արցախում քաղաքական, պետական ու հանրային կառավարման կարողությունների զարգացման հարցում:

· Շուտափույթ պետք է կարգի բերել Հայաստանից Արցախ արդեն միակ ավտոճանապարհն ու ենթակառուցվածքները: Որոշ ու զգալի հատվածերում ավտոճանապարհը խայտառակ վիճակում է: Դա Հայաստանին էլ է պետք:

· Արցախի սահմանին` Հայաստանի տարածքում, պետք է ստեղծել խոշոր ու հզոր ռազմաբազա: Դա նաև շատ հստակ մեսիջ կտա Ադրբեջանին ու տարածաշրջանային մյուս երկրներին:  

· Ի վերջո, պետք է ճանաչել Արցախի անկախությունն ու հայոց կառավարության կազմում ստեղծել Արցախի հարցերով նախարար: Պատճա՞ռը: Վերը նշված պնդումներն ու հիմնավորումները: