Ռուսաստանը դուրս է մղում Թուրքիային հետպատերազմյան Կովկասում

Al Monitor կայքում հրապարակված հոդվածում թուրք լրագրող և վերլուծաբան Ֆեհիմ Թասթեքինը (Fehim Tastekin) պնում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանը Թուրքիային դուրս է մղում տարածաշրջանից և թելադրում խաղի իր կանոնները։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

2020 թ. Լեռնային Ղարաբաղի համար վեցշաբաթյա պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջին հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը վերականգնում է իր առաջնորդությունը Կովկասում՝ քիչ տեղ թողնելով Թուրքիայի համար, որն Ադրբեջանին օգնել էր հաղթանակ տանելու մարտի դաշտում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադարից երկու ամիս անց՝ հունվարի 11-ին, Մոսկվայում ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ալիևն ու Փաշինյանը, որոնք միայն սառը ողջույններ փոխանակեցին՝ առանց ձեռքսեղմումի, նստած էին օվալաձև սեղանի նույն կողմում՝ միմյանցից բավականին հեռու, իսկ Պուտինը, նստած նրանց դիմաց, խնդիրներ լուծող պետի դիրքով, հրահանգներ էր տալիս։

Թուրքիայում սոցիալական ցանցերը ողողված էին մեկնաբանություններով, որոնք հարցադրում էին անում նախագահ Էրդողանը բացակայության մասին, մարդու, որը հավակնում է տարածաշրջանային հակամարտություններում ինչպես «տեղում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ» դերին: Սակայն նման հարցերը զուր են, քանի որ Կովկասում հակամարտությունների պատմությունն ու բնույթը, ինչպես նաև Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և վերջինիս հետ Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական կապերը Մոսկվային բացառիկ դեր են վերապահում տարածաշրջանում ցանկացած դիմակայության կամ խաղաղապահ առաքելության հարցում։ Երևանը մերժում է Թուրքիայի մասնակցությունը հետպատերազմյան գործընթացին: Մոսկվան նույնպես Թուրքիային մի կողմ է պահում՝ նյարդայնացած իր ազդեցության գոտիներում նրա նկրտումներից։

Նույն պատճառով Պուտինը ձգտում է նսեմացնել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ Մինսկի խմբի համանախագահ գործընկերների դերը, կառույց, որը ստեղծվել է 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը ղեկավարելու համար: Արևմտյան երկու տերություններին գործընթացից դուրս թողնելը անհանգստության աղբյուր է Հայաստանի, բայց ուրախալի իրադարձություն Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ կարգավորման ապագա բանակցությունները, ի վերջո, կարող են անցնել Մինսկի խմբի շրջանակին, սակայն ներկայում իրավիճակը դեռ անորոշ է:

Այս գործընթացի վրա ազդելու համար Թուրքիայի համար ամենամեծ լծակը կարող է դառնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համարձակ քայլը, սակայն այդ քայլը դեռ հեռավոր հեռանկար է։ Լեռնային Ղարաբաղի հայկական օկուպացիայի դադարեցումը պայման էր, որն Էրդողանի կողմից դրվել էր 2009-ին Անկարայի և Երևանի միջև ստորագրված հաշտեցման արձանագրություններում, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Այժմ այդ պայմանն անվավեր է դարձել, սակայն ազդեցություն ձեռք բերելու նպատակով կարգավորման խաղաքարտը օգտագործելու փոխարեն Էրդողանը հույսը դրել է պատերազմի ժամանակ Անկարայի ռազմատեխնիկական աջակցության համար Ալիևի երախտագիտության վրա։

Որքան էլ հակասական է, Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու Թուրքիայի ջանքերն օգնում են Ռուսաստանին կրկին հաստատվելու տարածաշրջանում։

Լեռնային Ղարաբաղում պատերազմը հանգեցրել է խաղաղապահ առաքելության շրջանակում 2 000 ռուս զինվորների տեղակայմանը, ինչը կարող է ճանապարհ հարթել ապագայում ռուսական ռազմակայանի համար: Ռուսաստանը ձեռք է բերել մի դիրք, որը նրան թույլ է տալիս պահպանել ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ նրա վերջնական կարգավիճակը լուծված չէ։ Հայերն այժմ կախվածության մեջ են Ռուսաստանից՝ որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երաշխավոր։

Նոյեմբերի 10-ի հրադադարից հետո Ալիևը միգուցե ամենուրեք ժպիտներ է շռայլում, սակայն քննադատաբար տրամադրված ադրբեջանցի դիտորդները նշում են, որ Բաքվին չհաջողվեց վերականգնել ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ այն թողնելով ռուս խաղաղապահների վերահսկողության տակ; որ տեղահանված ադրբեջանցիները չեն կարող վստահորեն վերադառնալ անկլավ, և որ Մարտակերտ – Քելբաջար կարևորագույն ավտոմայրուղին մնում է փակ:

Բաքվին չհաջողվեց վերականգնել ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ այն թողնելով ռուս խաղաղապահների վերահսկողության տակ

Հայաստանը, սակայն, դժգոհ է, որ անհայտ կորածների և ռազմագերիների փոխանակման մասին դրույթը դեռևս անիրագործելի է՝ պատերազմում նվաստացմանը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետաձգմանը զուգահեռ:

Ռուսաստանն իր հերթին ցանկանում է, որ երկու կողմերն էլ նայեն բաժակին որպես կիսով չափ լի։ Պատերազմն ավարտվել է, և 48 000 մարդ վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց տները։ Մոսկվայի համար այդ գործընթացը շարունակվում է, և այժմ ժամանակն է կենտրոնանալ տնտեսության վերականգնման և տարածաշրջանի վերակառուցման վրա։ Ենթակառուցվածքային ծրագրերը և տրանսպորտային կապերը դարձել են Կրեմլի եռակողմ հանդիպման գլխավոր նպատակը։

Հունվարի 11-ի համատեղ հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացման ծրագրի մշակման համար համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն փոխվարչապետների համանախագահությամբ: Խմբի առաջին նիստը նախատեսված է հունվարի 30-ին։

Թուրքիան նույնիսկ հայտարարության մեջ չի հիշատակվում, թեև այն կապ ունի այդ հարցի հետ։ Թուրքիան փոքր սահման ունի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ադրբեջանական անկլավի հետ, որը վերջինից բաժանված է Հայաստանի տարածքով։ Հրադադարի մասին համաձայնագիրը նախատեսում էր տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչը խթանում է Թուրքիայի երազանքը՝ գազով և նավթով հարուստ Կասպիական ավազանին և Կենտրոնական Ասիային «ռազմավարական միջանցք» ստանալու վերաբերյալ։

Ալիևը բազմիցս հայտարարել է, որ տրանսպորտային կապերն օգտակար կլինեն ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Ռուսաստանին, այլև Թուրքիային ու Իրանին։ Օրինակ, հունվարի 7-ին նա հայտարարեց, որ Ադրբեջանը Նախիջևանի միջոցով թուրքական շուկա մատչում կստանա, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն կհաստատվի, իսկ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ռուսաստանի և Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով։

Նման նախագծերը, անկասկած, մարտահրավերների կբախվեն Հայաստանում, որտեղ պատերազմի ելքը հանգեցրել է քաղաքական ցնցումների և Փաշինյանի նկատմամբ դեռևս եռացող հասարակական զայրույթի։

Տրանսպորտային նախագծերի շարքում հիմնական ուշադրությունը հատկացվում է Ադրբեջանից Նախիջևան 42 կիլոմետրանոց հատվածին, որն ընկած է Հայաստանի Զանգեզուրի շրջանում: Տարիներ շարունակ Ադրբեջանի բնակիչները ստիպված են եղել Նախիջևան մեկնել Իրանի և Թուրքիա՝ Վրաստանի տարածքով։

Փոխարենը Հայաստանը կարող է նոր ցամաքային երթուղիներ ստանալ դեպի Ռուսաստան Ադրբեջանի տարածքով՝ որպես Վրաստանի տարածքով գոյություն ունեցող հաղորդակցությանն այլընտրանք, որը հաճախ խափանվում է Վրաստանի և Ռուսաստանի միջև միակ սահմանային անցակետում՝ Վերին Լարսում տեղացած առատ ձյան, անձրևների և սողանքների պատճառով։ Անցակետի հաճախակի փակումները տնտեսական մեծ վնաս են հասցնում Հայաստանին, քանի որ նրա բեռնափոխադրումների 80 տոկոսը բաժին է ընկնում այդ երթուղուն։ Ռուսաստանը նույնպես կարող է օգուտ քաղել այլընտրանքային ճանապարհից, հատկապես ռազմական մատակարարումների առումով՝ կախված Բաքվի համաձայնությունից։ Ներկայում Վրաստանը հրաժարվում է Ռուսաստանին Հայաստանում իր ռազմակայաններին ռազմական տեխնիկա մատակարարելու թույլտվություն տալ։

Երկաթուղային երբեմնի հաղորդակցության վերակենդանացման հետ կապված մեծ հույսեր կան։ Ալիևն արդեն կարգադրել է սկսել Նախիջևանի երկաթուղու աշխատանքները և դիտարկում է Բաքուն, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին և Թուրքիայի արևելյան Կարս քաղաքը միացնող երկաթուղու ընդլայնման հնարավորությունը, որպեսզի այն միացնի Նախիջևանին։

Հին երկաթուղիների կապիտալ վերանորոգումը,- շատ հատվածներ շարքից դուրս են եկել, խարխլվել և նույնիսկ ականապատվել,- թույլ կտա նաև միացնել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղային ցանցերը:

Բոլոր այդ ծրագրերը կարող են վերածնել նվաճումների կայսերական ուղիները։ Թբիլիսիից Կարս երկաթուղին անդրկովկասյան երկաթուղու մի մասն էր, որը ռուսները կառուցեցին 19-րդ դարի երկրորդ կեսին, իսկ հետո հասցրեցին մինչև Սարիղամիշ և Էրզրում, որոնք այսօր Թուրքիայի կազմում են։ Ռուսաստանը Կարսի տարածաշրջանը պահեց չորս տասնամյակ, այն բանից հետո, երբ 1878 թ. Սան Ստեֆանոյի պայմանագրով ամրագրվեց օսմանցիների պարտությունը Ռուսաստանի հետ երկամյա պատերազմում։ 1921-ի Կարսի պայմանագիրը սահմանեց Թուրքիայի սահմանը Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ, որոնք այդ ժամանակ մտան Խորհրդային Միության կազմի մեջ։

Հաջորդ տարի ստորագրված համաձայնագրի շնորհիվ Թբիլիսին և հայկական Գյումրին Կարսի հետ կապող երկաթուղին դարձավ Խորհրդային Միության դարպաս դեպի արևմուտք։ 1993-ին, Լեռնային Ղարաբաղի հայկական օկուպացիայից հետո, Թուրքիան փակեց Հայաստանի հետ իր սահմանը՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, և խզեց նաև երկաթուղային հաղորդակցությունը։ Նախիջևանի և Հայաստանի տարածքով անցնող Կարս-Բաքու 877 կիլոմետրանոց երկաթուղային հաղորդակցության վերականգնման ծրագիրը 2009-ի ձախողված հայ-թուրքական կարգավորման մասին համաձայնագրի մասն էր: Ի վերջո, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան միավորվեցին, որպեսզի վերակենդանացնեն Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին՝ դրանից դուրս թողնելով Հայաստանին։

Կայսերական Ռուսաստանի երկաթուղային ցանցը ներառում էր նաև Հայաստանի տարածքով Նախիջևանից դեպի Իրան երթուղին, որը մինչև Բաքու երկարացվել էր 1940-ականներին։ 2013-ին Երևանը գործարք էր կնքել «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերության և Դուբայի մի ընկերության հետ՝ դեպի Իրան երթուղու վերակառուցման համար, սակայն 3,5 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը չմեկնարկեց ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ադրբեջանի հետ հրադադարի մասին համաձայնագրի կնքումից հետո Փաշինյանը հույս է հայտնել, որ Նախիջևանի տարածքով իրանական երթուղին կօգտագործվի։

Սակայն տրանսպորտային նախագծերը լի են անորոշություններով։ Ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը։ Ո՞վ է ֆինանսավորելու դրանք։ Արդյոք հավասարապե՞ս կշահեն Հայաստանն ու Ադրբեջանը: Որքանո՞վ կներգրավվեն Թուրքիան և Իրանը։

Ալիևի մոտեցումն այս հարցին ցույց է տալիս, որ հեշտությամբ անախորժություններ կարող են առաջանալ։ «Հաշվի առնելով, որ Հայաստանի երկաթուղիները պատկանում են «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը, մեր զրուցակիցը, իհարկե, Ռուսաստանն է»,- ասել Է Ալիևը Մոսկվայում եռակողմ հանդիպման նախօրեին: Սակայն իրականում «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունը Հայաստանի երկաթուղիների շահագործման իրավունքներին տիրապետում է 2008-ին ստորագրված 30-ամյա պայմանագրով, ինչը չի բացառում Հայաստանի ինքնիշխան իրավունքները։

Տրանսպորտային նախագծերը, անկասկած, խաղաղարարության խթան են, սակայն դեռևս գոյություն ունի հակամարտության վերստին բռնկման վտանգ, որը կարող է խաթարել ջանքերը կամ հանգեցնել նոր բացված կապերի փակմանը: Ռուսաստանը այստեղ կրկին երաշխավոր կլինի։ Պուտինի պնդումը, թե այդ գործարքները կծառայեն նաև Ռուսաստանի շահերին, անհիմն չէ։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ Russia crowds out Turkey in post-war Caucasus

Մեկնաբանել