ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների թիվը․ ՄԻՊ

ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում: Պետության մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված: Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը երեկվա պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: Սա ընդունելի մոտեցում չէ»,- ասվում է ՄԻՊ-ի հայտարարությունում։

Ըստ Արման Թաթոյանի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ՝ հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, ինչպես նաև առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր։

«Նաև կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը։ Հրապարակայնորեն կընդգծվի պետության հարգանքը գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ։ Հրապարակայներոն կընդգծվի պետության պատասխանատու վերաբերմունքը հանրային կարևորության այս հարցի նկատմամբ։ Վերջապես, պետության այդ քայլով կբացառվի կամ էականորեն կնվազեցվի հանրությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելու ու հետևաբար՝ շահարկում իրականացնելու որևէ կողմի փորձ»,- նշվում է հայտարարությունում։

Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը պարզաբանել էր գերիների թվական տվյալները չհրապարակելը՝ նշելով, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ դրանք խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը։ 

Ավելի վաղ ռազմագերիների հարցին անդրադարձել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ այդ խնդիրը բավական երկար քննարկվել է: Ի սկզբանե այս հարցում հեևյալ խնդիրն էր դրված, որ հայկական և ադրբեջանական կողմերը կազմեն այն անհայտ կորած անձանց ցուցակները, որոնց նրանք ցանկանում են դուրս բերել գերությունից: Ադրբեջանը ներկայացրել է նման ցուցակ, քանակն աննշան էր: Նրանք բոլորը ոչ միանգամից, բայց վերադարձվել են: Դրանից հետո ադրբեջանական կողմից անհայտ կորածների, գերիների կամ այլ պահվող անձանց ցուցակներ չեն ներկայացվել», – ասել է Լավրովն ու հավելել, որ հայկական կողմն այդ ցուցակները ներկայացրել է «ոչ միանգամից և ոչ ամբողջական»: