Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի աշխատողների եկամտահարկը

Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար՝ վարձու աշխատողների եկամտային հարկի փոխհատուցման մասով։ Այս մասին հայտնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։

Մասնավորապես, աջակցությունը կտրամադրվի 2021թ. հունվարից սկսած 6 ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով։

«Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։ Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։