Հարկային շրջադարձ. կառավարությունը վերադառնում է 2018-ի դրույքաչափերի՞ն

Հարկային քաղաքականության ճեղքի կրճատման նպատակով կառավարությունը ցանկանում է կրճատել ԱԱՀ-ից ազատման հարկային արտոնությունները, վերանայել շրջանառության և միկրոձեռնարկության հարկման համակարգերը: Հարկային քաղաքականության ճեղքի ձևավորման որպես մեկ այլ պատճառ կառավարությունը դիտարկում է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի բացակայությունը:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության ներկայացրած հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղած միջոցառումներից: Այս փաստաթուղթը, ինչպես նաև ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հստակ տեղեկություններ չեն տալիս կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով այս տարի սպասվող հարկային քաղաքականության ճեղքի կամ դրա մեծության մասին, սակայն դրա կրճատմանն ուղղված քայլեր են առաջարկում:

Հատկանշական է, որ Պետական եկամուտների կոմիտեն այսօր հրապարակել է 2020 թ. հարկային տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողները նախորդ տարի վճարել են 987,6 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ պակաս է 74 մլրդ դրամով կամ 7%-ով: 2021 թ․ պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրվել է ՀՆԱ-ի 5,3 %-ի չափով և կազմում է 341,4 մլրդ դրամ, որից ներքին աղբյուրների գծով՝ 138,7 մլրդ դրամ, արտաքին աղբյուրների գծով՝ 202,7 մլրդ դրամ:

Տե՛ս նաև՝ 2020 թ․ 1000 խոշոր հարկատուները 74 մլրդ դրամ ավելի քիչ հարկ են վճարել

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն այսօր՝ հունվարի 20-ին, մինչ հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված կառավարության ներկայացրած փաստաթղթի քննարկումը, լրատվամիջոցների հետ զրույցում շեշտեց ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների վերանայման անհրաժեշտությունը: «Պետք է հասկանալ՝ որքանով են դրանք արդյունավետ և իրենց նպատակին ծառայող»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոսի մասին է, որը «բավական տպավրիչ թիվ է մեր համեստ հնարավորությունների ֆոնին»:

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն այժմ թիրախավորել են ՀՆԱ-ի «արտոնյալ» շուրջ 7 տոկոսի «հիմնական մասի» հարկման հնարավորությունը:

Կառավարությունում կարծում են, որ ԱԱՀ-ից ազատվելու արտոնությունից օգտվում են ոչ միայն հասարակության սոցիալապես անապահով, այլև բարձր եկամուտներ ունեցող խմբերը: Ըստ այդմ, համաձայն ներկայացված փաստաթղթի՝ քննարկման առարկա է դառնալու ԱԱՀ-ից ազատման արտոնությունները կրճատելու և փոխարենը հասարակության սոցիալապես անապահով խմբերին պետական բյուջեից հասցեական ձևով տրամադրվող աջակցության ծավալն ընդլայնելու հնարավորությունը:

«Այդ ծախսերը կարող են ուղղվել սոցիալական, առողջապահական, կրթական նշանակության խնդիրները լուծելու համար: Եթե դա հաջողվի անել, ապա մենք այդ մասով հաջողած կլինենք»,- ասաց Պողոսյանը:

Հարկային քաղաքականության ճեղքը, նշեց փոխնախարարը, երկու բաղկացուցիչ ունի՝ հարկային արտոնություններ և հարկային պլանավորման հնարավորություններ: Խոսքը շրջանառության և միկրոձեռնարկության հարկման համակարգի վերնայումն է:

«Երկրորդ մասը մենք պլանավորում ենք հաղթահարել հնարավոր կարճ ժամկետում: Եթե մենք քննարկումների ժամանակ հասկանանք, որ ըտրված է ճիշտ ուղի, ապա նախատեսում ենք, որ այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թ․ հունվարի 1-ին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է որոշ «անադյունավետ հարկային արտոնությունների» վերացմանը, Дա, ըստ Արման Պողոսյանի, ևս կարող է գործել 2022-ի հունարի 1-ից, սակայն գործընթացն ավելի տևական կարող է լինել: «Մենք պետք է գնահատենք ու վերաիմաստավորենք բոլոր ժամանակներում տրված հարկային արտոնությունների իմաստը և արդյունավետությունը՝ արդյոք դրանք ծառայում են իրենց նպատակին, թե ուղղակի պետությունից ռեսուրս են տանում»,- ասաց նա:

Ֆինանսների նախարարությունը հարկերի վերանայման պարագաում ստվերի ընդլայնման ռիսկի զսպման միջոց դիրտարկում է բացատրական աշխատանքները և հարկային վարչարարությունը:

Փոխնախարարը ձեռնպահ մնաց հստակ նշել, թե որ ոլորտներում ԱԱՀ-ից ազատման արտոնությունները չեն աշխատում արդյունավետ, քանի որ այս պահին գնտվում են «գնահատման փուլում»: Միևնույն ժամանակ, կառավարության ներկայացրած փաստաթղթում նշվում են կրթության և առողջապահության ոլորտները: Խոսվում է առողջապահական և կրթական ծառայություններն ԱԱՀ-ով հարկելու ու այդ կերպ անվճար բժշկական օգնություն ստացող անձանց և պետպատվերով բուժվողների ու սովորողների շրջանակն ընդլայնելու հնարավորության մասին:

«Երբ արտոնություններից օգտվում են մարդիկ, որոնց համար դրանք նախատեսված չեն, ապա դրանց իմաստը խեղաթյուրվում է: Խոսքն առաջին հերթին այս տեսակ արտոնություների վերանայման մասին է: Երկրորդը հարկային համակարգի ձևախեղումների հանգերցրած կարգավորումների մասին է: Ունենք հարկման տարբեր համակարգեր՝ միկրոձեռնարկության, շրջանառության և ԱԱՀ-ով հարկելու համակարգեր: Սա բերում է մի վիճակի, որպեսզի խոշոր տնտեսվաորղները մասնատվեն և տեղավորվեն իրենց համար չնախատեսված հարկման արտոնյալ միջավայրում՝ դրանով իսկ անհավասար մրցակցության մեջ մտնելով փոքրերի հետ»,- եզրափկեց նա:

Նշենք, որ շրջանառության հարկման համակարգն ընդլայնվեց 2019-ին՝ ԱԱՀ-ի շեմը դարձավ 115 մլն՝  58 մլն-ի փոխարեն:

Արշալույս Մղդեսյան