Հայաստան – Թուրքիա. հնարավոր է բեկո՞ւմ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլեր կատարել: Երկուշաբթի երեկոյան այդ մասին թուրք թիվ մեկ դիվանագետն ասել է Գերմանիայի իր գործընկեր Հեյկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Անկարայում:

«Եթե հրադադարը հարատև բնույթ կրի, ապա Թուրքիան և Ադրբեջանը կարող են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է Անադոլու գործակալությունը։

Ուշագրավ է, որ Թուրքիայի արտգործնախարարն իր երկրի կողքին նշում է նաև Ադրբեջանի անունը:

Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի քանի նախապայմաններ: 1991-ի դեկտեմբերին, երբ Անկարան ճանաչեց Հայաստանի անկախությունը, նախապայմանները երկուսն էին՝ Հայաստանը պետք է ճանաչի ժամանակակից Թուրքիայի սահմանները, այն է՝ տարածքային պահանջներ չներկայացնի, երկրորդ՝ հայերը պետք է վերջ տան Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային արշավին:

Մինչև 1993-ի ապրիլ, երբ հայկական ուժերը մտան Քելբաջար, և Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանն ու նախապայմանների թիվը հասցրեց երեքի, պաշտոնական Երևանը հարևան երկրին տարածքային պահանջներ չէր ներկայացնում և չէր մասնակցում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, սակայն մյուս կողմից, չէր ստորագրում փաստաթուղթ, որով ճանաչում էր Թուրքիայի սահմաննները կամ հայտարարում, որ չի ներգրավվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործին:

Թուրքերը հղում էին անում 1990-ի օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագրին, որտեղ կային երկուսն էլ՝ «Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

1992-ին և 1993-ի առաջին ամիսներին Երևանը և Անկարան աշխատում էին արձանագրության տեքստի՝ սևագրի վրա, որը պետք է դիվանագիտական հարաբերությունների հաստատման և դեսպանություններ բացելու հիմք դառնար: Քելբաջարից հետո գործընթացը կանգ առավ, իսկ նախապայմանները հասան երեքի:

Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ամենաերկար և խորքային երկրորդ գործընթացը տեղի ունեցավ 2008-2010 թվականներին, սակայն «ֆուտբոլային դիվանագիտությունը» մտավ փակուղի: Թուրքերն ակնկալում էին, որ հայկական կողմը գոնե պետք է Ղարաբաղում ստատուս-քվոյի փոքր փոփոխության գնա, որպեսզի Անկարան կարողանա Բաքվին բացատրել, թե ինչու է գնում նման քայլի: Սերժ Սարգսյանը, որ գիտակցում էր Թուրքիայի ճակատագրական և վտանգավոր ուժ լինելը Հայաստանի համար, հատկապես, երբ հայերն ու թուրքերը իրար դեմ մնան միայնակ, պատրաստ էր գնալ ցավալի զիջումների ու փոխզիջումների (արձանագրության տեքստերը դրա վկայությունն են), սակայն Արցախի հարցում որևէ քայլ չկատարեց, անգամ խորհրդանշական երկու գյուղ չհանձնեց, ինչն ակնարկում էին թուրքերը:

Երկու գյուղ չէ․ 44-օրյա պատերազմում հայկական կողմը կորցրեց ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ: Եթե պարզ հաշվարկով և տրամաբանորեն նայենք, ապա թուրքերը պիտի պատրաստ լինեին հայերի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և վերջ տալ շրջափակմանը:

Իրականում, սակայն, Թուրքիան ղարաբաղյան նախապայմանը առաջ էր տանում՝ օրակարգում պահելով երկու մյուս նախապայմանները, որոնք նույնքան կարևոր են թուրքական տեսանկյունից: Նույնքան և ավելի կարևոր են հայկական տեսանկյունից:

Կարո՞ղ է Հայաստանում լինել մի իշխանություն, որը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից և համաձայնի պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին, ինչը, ըստ էության տեղ էր գտել 2009 թ. արձանագրության մեջ, ճիշտ է՝ այլ փաթեթավորումով և այլ բառապաշարով:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանում լինել մի իշխանություն, որը հստակ հայտարարի, որ Թուրքիայի նկատմամբ չունի տարածքային պահանջներ: Այդ պահանջը ևս, կրկին ոչ ուղղակի, բայց էության մեջ, տեղ էր գտել զույգ արձանագրությունների մեջ:

Եթե իրավամբ Թուրքիան և Հայաստանը անկեղծ են և ձգտում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ապա դա կարելի է անել լռելյայն, մանավանդ, որ երրորդ նախապայմանը ամբողջովին իրականություն է դարձել, և այս հարցում Բաքվից Անկարայի վրա ճնշում չի կարող լինել, ինչի ականատեսն էինք 2008-2009 թթ., երբ Ադրբեջանում, ի նշան բողոքի, իջեցնում էին թուրքական դրոշները:

Հոգեբանորեն պատրա՞ստ է արդյոք Հայաստանը գնալ հարաբերությունների հաստատման, հաշվի առնելով Թուրքիայի ուղղակի մասնակցությունը 44-օրյա պատերազմին:

Ինչպիսի՞ն է լինելու Ռուսաստանի կեցվածքը, եթե Երևանն ու Անկարան համաձայնության գան:

Հայաստանից հստակ ուղերձներ չկան, որ Երևանը պատրաստ է հարաբերությունների հաստատմանը: Նախքան սեպտեմբերի 27-ը, պատերազմի ընթացքում և զինադադարից հետո ամենաբարձր մակարդակով Երևանից հնչել են հայտարարություններ, որոնցում դատապարտվել է թուրքական ներգրավվածությունը, ջիհադիստ վարձկաններին Սիրիայից Թուրքիայի տարածքով ղարաբաղյան հակամարտության գոտի հասցնելն ու Անկարայի սադրիչ մյուս գործողությունները:

Այս շշմեցուցիչ պարտությունից հետո Հայաստանը պետք է առաջնորդվի պետության շահերո՞վ, թե՞ դիտորդի դերում մնա՝ տեսնելով, թե ինչպես են Մոսկվան և Անկարան մրցակցային պայմաններում, բայց համագործակցության ոգով տարածաշրջանը վերաձևում:

Եթե Հայաստանը չխոսի Թուրքիայի հետ, ապա արդյոք մեր փոխարեն և մեր շահերի հաշվին այլ երկրներ չե՞ն խոսելու Անկարայի հետ:

Եթե Հայաստանը մի կողմ քաշվի և իր ինքնիշխանության և անկախության իրավունքները պատվիրակի երրորդ կողմի, ապա  ինքնիշխանությունից և անկախությունից ի՞նչ է մնալու:

Արդյոք Երևանի իշխանությունները գիտակցո՞ւմ են, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կլինի էական և անհրաժեշտ քայլ Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը մեկ աստիճանով բարձրացնելու և հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարևորելու գործում:

Հակառակը, եթե ապագայում էլ չհաստատվեն հայ-թուրքական հարաբերություններ, ապա Հայաստանի կախվածությունը արդյոք ավելի չի՞ խորանալու:

Եվ ի վերջո, եթե խոսվում է տարածաշրջանում տնտեսական և կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերականգնման մասին, ապա ինչպե՞ս է դա իրականություն դառնալու առանց Գյումրի-Կարս երկաթուղու, հայ-թուրքական երկու սահմանադռների վերաբացման:

Եթե մենք մտահոգված ենք թուրքական տնտեսական էքսպանսիայով, ինչը առկա է անշուշտ, շարունակում ենք մտածել դրան դիմադրել փակ սահմաններո՞վ: Եթե այո, ապա դա որքան ժամանակ կտևի, ավելի ճիշտ՝ երբ կգա այն օրը, երբ մենք պատրաստ կլինենք:

Մտածելու հարցեր են: Ցավոք, անգամ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո չես կարողանում հայրենակիցներիդ հետ այս հարցերը անկեղծ քննարկել, քանի որ բանավեճը շատ արագ տեղափոխվում է հաղթողական-պարտվողական, հայրենասեր-դավաճան հարթություն, որտեղ, մեծ հաշվով, չկա բանավեճ ու չկա ասելիք, որովհետև ի սկզբանե հայտնի են հայրենասերներն ու դավաճանները, հաղթողականներն ու պարտվողականները: Եթե մենք մեր ներսում չենք կարողանում քննարկել այս ցավալի հարցերը, ապա ինչպես ենք այն քննարկելու թուրքերի հետ:

Թե՞ միշտ պետք է արժանանանք Ալեքսանդրապոլի և կամ 2020-ի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիաների:

Մտածելու բան է:

Թաթուլ Հակոբյան