Գերիների և կովկասյան ընձառյուծի վերադարձը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի  

«Հայաստանի Հանրապետությունից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում»․ այսօր Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Լուսավոր Հայաստանի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին։

Նիկոլ Փաշինյանի և Գևորգ Գորգիսյանի երկխոսությունը՝ այստե՛ղ։

Հայաստանի Հանրապետության ղեկավարը չի տեսնում տարբերությունը պատերազմից հետո գերիների վերադարձի խնդրի վիթխարիության և գերզգայունության ու պատերազմից առաջ եղած մի քանի գերիների խնդրի միջև։ (Ի դեպ, նա հրաժարվում էր ադրբեջանական գերության մեջ հայտնված երկու հայերին փոխանակել  Արցախում բանտարկված ադրբեջանցի երկու դիվերսանտների հետ, ինչն արեց պատերազմից հետո)։

Այս հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես արդարացնում է այն, որ ունակ չէր (չէ) լուծելու հայ գերիների վերադարձի հարցը Մոսկվայում։ Կարծես ասի՝ դե ինչ կա՞ որ՝ միշտ էլ եղել են գերիներ, հիմա էլ կան, ի՞նչ եք ուզում ինձնից։

Բայց աբսուրդը սրանով չի վերջանում։ «Պարզ է, որ գերիների թիվը մեծ է։ Բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա այդ ողջ ընթացքում երբեք Հայաստանի Հանրապետություն ավելի մեծ թվով գերիներ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո»,- շարունակում է նա։

Մի կողմ թողնենք Փաշինյանի՝ արդեն սովորական դարձած չիմացությունը այս կամ այն խնդրի, այդ թվում, ո՛ր պատերազմներից հետո բնական է ավելի մեծ թվով գերիների վերադարձը, ո՛ր Արցախյան առաջին պատերազմից հետո ևս Ռուսաստանի վարչապետ Պրիմակովի միջնորդությամբ չորս տասնյակ հայ ռազմագերի վերադարձավ Հայաստան, իսկ յոթ տասնյակը՝ Ադրբեջան․․․

Բազմաթիվ ընտանիքներ հիմա աչքը չորացած սպասում են գերության մեջ հայտնված իրենց հարազատներին, իսկ Փաշինյանը դա տանում է վիճակագրության դաշտ՝ կարծես ասելով՝ մենք ավելի շատ գերի ենք վերադարձրել, քան դուք՝ նախկիններդ, մենք այս հարցում էլ ենք աննախադեպ։ Եվ ոչ մի խոսք նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքի մասին։

Եվ ի՞նչ՝ միգուցե դա էլ տեղավորես քո 100 փաստերի շարքում, ինչպես կովկասյան ընձառյուծի վերադարձը․ չէ՞ որ քո ամեն ինչը «աննախադեպ» է։

«Դուք ձեր շեշտադրումներով և էժան միավորներ հավաքելու փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը, անվտանգությունը»,- Գորգիսյանին կշտամբում է Փաշինյանը։ Մարդ, որը պատերազմը չէր կանգնեցնում զուտ այն պատճառով, որ չասեն՝ «Նիկո՛լ, դավաճան», որ չասեն՝ առանց կռվի զիջեցիր, ու միայն դրանից ելնելով՝ հազարավոր երիտասարդների կարելի էր տանել երաշխավորված մահվան բերան։ Ինչպես շատ սիրելի Լուսինեն է ասում՝ Տղանե՛ր, չե՞ք ուզում մեռնել Բայրաքթարի տակ։

Հ․Գ․

Ներողություն եմ խնդրում գերիներից, նրանց հարազատներից ու ընկերներից վերնագրի համար։