Հայաստանը COVID-19-ի դեմ ձեռք կբերի բրիտանական AstraZeneca պատվաստանյութը

Առողջապահության նախարարությունը COVID-19-ի դեմ ձեռք կբերի բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութը՝ նախատեսված բնակչության 3%-ի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ հաշվի է առնվել հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը՝ 2021թ․ մարտ և արժեքի մատչելիությունը:

Որոշվել է նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները։ «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովը» առաջարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացնել փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը․

1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները:

Համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակին սպասում է հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին։

Մեկնաբանել