Դժբախտ և դժգույն հայտարարություններ, որ բարդացնելու են Հայաստանի առանց այդ էլ բարդ վիճակը

Մինչ Հայաստանի փորձագիտական համայնքի և քաղաքական շրջանակների մի մասը փորձում է գնահատել 2020 թ. սեպտեմբեր – նոյեմբեր ամիսներին Հայաստանի և Արցախի Հանրապետություններին հասցված սարսափելի հարվածի իրական ծավալները, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ինքնաարդարացման, պատասխանատվությունից խուսափելու, հասարակության մի հատվածին հիմարացնելու կամ այլ նկատառումներից դրդված զբաղված է մեղմ ասած տարօրինակ հրապարակային հայտարարություններ հնչեցնելով։

Այս գործընթացն սկսվել է նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո։ Սակայն եթե առաջին օրերին ընդամենը փորձ էր արվում արդարացնել կապիտուլյացիան շատ ավելի մեծ ողբերգությունից խուսափելու հրամայականով և այլընտրանքի բացակայությամբ, ապա աստիճանաբար հնչող տեսակետները սկսեցին ավելի ու ավելի հեռանալ բանականության սահմաններից։

Նախ փորձ արվեց պնդել, որ «Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր», որ 1992 թ. մայիսից սկսած այն Հայաստանում և Սփյուռքում առանձնապես որևէ մեկին չէր հետաքրքրում, հետևաբար անիմաստ է ողբերգություն սարքել Ադրբեջանի կողմից Շուշիի օկուպացիայի փաստից։

Հետո շրջանառության մեջ դրվեց այն թեզը, որ «Հայաստանում բոլորն էլ գիտեին, որ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, և այն վաղ թե ուշ պետք է վերադարձվեր օրինական տերերին», հետևաբար, ըստ այդ տրամաբանության, պետք է ընդունել, որ 2020 թ. սեպտեմբեր – նոյեմբեր ամիսներին տեղի ունեցածը միջազգային իրավունքի և պատմական արդարության վերականգնում է և ուրիշ ոչինչ։

Առկա են գնահատումներ այն մասին, որ 2018 թ. մայիսից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է մինչ այդ ներկայացված բանակցային բոլոր փաստաթղթերը մերժելու մասին իր հայտարարություններով փակուղի մտցրել բանակցային գործընթացը և Ադրբեջանին «լեգալ և բարոյական հիմք տվել» առնվազն 2004 թ. սկսած բանակցային երեք հիմնական սկզբունքներից մեկի՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու սկզբունքի բացահայտ խախտման և լայնածավալ պատերազմ սկսելու համար։ Եվ դա արվել է այն պարագայում, երբ հստակ էր, որ պատերազմը, մեղմ ասած, չէր ավարտվելու հօգուտ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։ Այնուամենայնիվ, չնայած նշված հանգամանքներին, շարունակվում են հայտարարություններն այն մասին, թե «Հայաստանը որևէ հնարավորություն չի ունեցել խուսափելու պատերազմից»։

Մեկ այլ անհասկանալի պնդում է այն հայտարարությունը, որը մինչև 2020 թ. նոյեմբերի 9-ը որևէ հնարավորություն չի եղել դադարեցնել պատերազմը՝ չնայած կան հակառակը ապացուցող փաստեր, այդ թվում Ռուսաստանի նախագահի հրապարակային ելույթները։

Վերջին մեկ ամսում նմանատիպ անհասկանալի հայտարարությունների շարքին են ավելացել այն պնդումները, որ «Գորիս – Կապան մայրուղու մի մասը հանձնվել է Ադրբեջանի վերահսկողությանը Սյունիքի մարզի անվտանգությունն ապահովելու նպատակով»։ Այս տրամաբանությամբ մոտ ապագայում կարելի է Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել նաև Երևան – Սևան մայրուղու մի մասը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի անվտանգությունը ապահովելու նպատակով։

Երեկ Ազգային Ժողովում հայտարարվեց, թե «Շուշին մինչև 1992-ը չի կարելի համարել հայկական քաղաք, որովհետև բնակչության 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ», իսկ Հայաստանի իշխանություններին փաստացի պետք է շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ «2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանից ավելի շատ հայ գերիներ են վերադարձել, քանի 2018 թ. մայիսից առաջ ընկած ժամանակահատվածում»։

Անհասկանալի պատճառներով Հայաստանի ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում և պաշտպանում այնպիսի թեզեր, որոնք միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում էական բացասական ազդեցություն են ունենալու 2020 թ. սեպտեմբեր – նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած ազգային ողբերգության հետևանքների հաղթահարմանն ուղղված Հայաստանի հաջորդ իշխանությունների ջանքերի վրա։