Փոքրիկ խիզախում

Ընտրապայքարը փոխում է ու փոխվում, շեշտադրումները՝ հստականում, ուժերի հարաբերակցությունը՝ բյուրեղանում, քննարկումները՝ միօրինականանում ու կորցնում իմաստը։ Ընտրապայքարում փոխվում են («Հավատանք, որ փոխենք»), երբեմն վստահել պահանջում («Վստահիր, որ կառուցես…»), երբեմն՝ պահանջում միասին պահանջել («Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր»), երբեմն էլ գալիս են սարեր շուռ տալու՝ էլի միասին, երբեմն էլ անել ինչ կուզես, բայց հեռու ռեժիմից («Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին»)։ Ասել է թե՝ խաղում հավաքական մենք են տեսնում, հավաքական մենքին փորձում գաղափար առաջարկել, որը պիտի «հավաքական մենք»-ի գիտակցություն ձևավորի, վերջինս էլ պիտի վերափոխվի հանրային գիտակցության՝ ազատ, արդար ընտրությունների հանրային գիտակցության, և որն էլ միայն պիտի ունակ լինի փոխելու այն, ինչ փոխելու է։

Հետո խիզախումի են կոչում. խիզախել ու վստահել, խիզախել ու գնալ ընտրությունների, խիզախել ու քվեարկել ում ուզում ես, բայց ոչ ռեժիմին, խիզախել ու ևս մեկ հնարավորություն տալ, խիզախել ու նայել ապագային։ Խիզախել ու սարեր շուռ տալը մի կողմ ենք թողնում։ Չխիզախողներին ևս՝ առժամանակ։

Բայց մոռանում են, որ հանրային գիտակցությունը երբեմն հանրային հիշողություն էլ է ունենում, պատմական հիշողություն, որը չգիտես ինչու, ինչ-որ մի պահի առաջարկում են մոռանալ, խզվել, կտրվել։ Հատուկ շեշտում եմ՝ խոսքը հիշաչարության մասին չէ, խոսքը հիշողությունը գնահատելու, հիշողությունը իմաստավորելու ու դրա հիման վրա խոստումներ տալու ու ապագա կառուցելու մասին է։

Իսկ հիմա պարզապես առաջարկում են՝ փոխել ու փոխել ու մոռանալ ու հավատալ՝ մոռանալով, որովհետև քեզանից պատմական այդ հիշողությունը խլել են կամ ուզում են խլել։ Ու նորից, սովորականի պես, ամեն ինչ առաջարկում են սկսել մաքուր էջից։

Միայն թե պիտի հիշել, որ դժվար է միավորել երկիրն ու մարդկանց, եթե նրանցից վերջին քսան տարում մի քանի անգամ խլում ես պատմական հիշողությունն ու փոխարենը ոչ մի բան չես առաջարկում։ Կամ առաջարկում ես խիզախման ինչ-որ անխիզախ պատկերացում։

Ես երբեք չեմ խիզախել, ինչպիսին պատկերացրել եմ խիզախումը։ Ես պարզապես ապրել եմ ու ապրում եմ, ապրում հնարավորությունների ու իմ աշխատանքի չափով։ Միգուցե պետք է պարզապես ապրել՝ հասկանալով, որ աշխարհը ոչ քեզանից է սկսվել, ոչ էլ քեզանով է ավարտվելու։ Պարզապես հիշել սեփական արմատներն ու սեփական երկրի պատմությունը ու հարգել այն։ Որովհետև այն նաև քո պատմությունն է։ Եվ ջանալ, որ այդ ամենում անկախ ամեն ինչից, նաև դու հպարտանալու տեղ գտնես ու ունենաս ու հետո, տարիներ անց՝ խիզախումը անխիզախ չթվա։

Ու եթե հաջողվում է այսպես ապրել անընդհատ ճամբարափոխ ու վազվզոցային մեր ժամանակներում, միգուցե սա փոքրիկ, բայց խիզախում է։