Կստեղծվի ներքին գործերի նախարարություն․ հրապարակվել է նախագիծը

Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկում է կազմավորել Ներքին գործերի նախարարություն։

Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայում Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։

Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։

Այդուհանդերձ, նշանակումը կատարվելու է վարչապետի առաջարկությամբ, որին նախորդում է ներքին գործերի նախարարի միջնորդությունը՝ ոստիկանության պետ, ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու վերաբերյալ։

«Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում»,- նշված է նախագծում։

Ըստ օրենսդրական փաթեթի՝ նախարարությանը ենթակա քննչական դեպարտամենտի ծառայողներն ունենալու են ոստիկանության ծառայողի կարգավիճակ։ Նշվում է, որ քննչական դեպարտամենտին առայժմ նախատեսվում է հանձնել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությունը։ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2019 թվականին գրանցվել է ՃՏՊ հանցագործությունների 1667 դեպք։

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել