Արցախի նախագահի խոսնակը հաստատում է՝ վերադարձել է 95 000 հոգի 

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հաստատում է, որ Արցախ է վերադարձել 95 000 հոգի։

Հունվարի 20-ին Երևանում Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ մինչև հիմա Արցախ է վերադարձել 95 000 մարդ։ 

Ռուս խաղաղապահները ամեն օր քարտեզ են հրապարակում, որտեղ նշում են նաև Արցախ վերադարձած հայերի թիվը։ Հունվարի 21-ի դրությամբ նրանց քարտեզում նշված է 50 390 թիվը։

Ո՞ր թիվն է ճիշտ, Սիվիլնեթը հարց ուղղեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանին։ 

«Երկու թիվն էլ, իրենց հերթին, ճիշտ են։ Իրավ, նոյեմբերի 10-ից մինչև այսօր Արցախ է վերադարձել 95 000 մարդ։ Ռուսական քարտեզում նշված թիվը վերաբերում է միայն իրենց միջնորդությամբ ավտոբուսներով Արցախ վերադարձած մարդկանց։ Բայց պետք է հաշվի առնել, որ բազմաթիվ մարդիկ վերադարձել են իրենց սեփական մեքենաներով, տաքսիներով կամ այլ միջոցներով և չեն օգտվել անվճար ավտոբուսներից։ Նաև կարևոր է նշել, որ խաղաղապահների թվում ներառված են միայն նոյեմբերի 14-ից հետո վերադարձածները, սակայն մեծ ալիք կար նոյեմբերի 10-14 ընկած ժամանակահատվածում»,- նշեց Վահրամ Պողոսյանը։ 

Լիկա Զաքարյան, Ստեփանակերտ