Եվրոպացի պատգամավորների Արցախ այցելելու նախաձեռնությունը կշարունակվի

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի 2021 թվականի աշխատանքներում Արցախի հարցը լինելու է առաջնահերթ ու առանցքային: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը։

«Ուշադրության կենտրոնում է լինելու ռազմագերիների հարցը, մարդասիրական օգնությունը շարունակելու են ուղարկել Հայաստան ու Արցախ, քաղաքական հարթությունում ԵՄ-ից պահանջելու են խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, շարունակելու են բարձրաձայնել պատերազմական հանցագործությունների, փախստականների մասին: Հայ դատի գրասենյակն անհրաժեշտություն է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Արցախի կարգավիճակի հարցի լուծումը՝ հարգելով Արցախի բնակիչների ազատ ինքնորոշման իրավունքը»,- նշել է Հարութ Շիրինյանը։

Հայ դատի գրասենյակի մեկ այլ կարևոր նախաձեռնություններից է եվրոպացի գործիչների, պատգամավորների, լրագրողների այցի կազմակերպումը Հայաստան և Արցախ: Դա արվել է ինչպես մինչ վերջին պատերազմը, այնպես էլ պատերազմի ընթացքում: Հարութ Շիրինյանն ընդգծել է, որ այս նախաձեռնությունն ունենալու է շարունակություն: Նախատեսվում է փետրվարին կազմակերպել եվրոպացի պատգամավորների խմբի այց դեպի Հայաստան ու Արցախ: Նպատակն այն է, որ եվրոպացիները տեղում իրենց աչքերով տեսնեն թե ինչ է կատարվել: