Ի՞նչ սպասել Բայդենի վարչակազմից․ զրույց Էրիկ Հակոբյանի հետ

ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը Էմիլիո Կրիկիոյի հետ քննարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ակնկալիքները։

– Բայդենն ու դեմոկրատները կարո՞ղ են ԱՄՆ-ին վերադարձնել նորմալի, թե՞ Պանդորայի արկղն արդեն բացված է։

– Ըստ ամենայնի՝ ոչ։ Բայդենի նախագահությունը պետք է հասկացվի այն համատեքստում, որն ես անվանում եմ վերականգնում՝ «restoration»։ Անցյալ տարվա ընթացքում քաղաքական իսթեբլիշմենթը, որը ներառում է ռազմարդյունաբերական համալիրից մինչև Ուոլ սթրիթ, երկու կուսակցություններից զգալի թվով հատվածներ հաղթանակ տարան պոպուլիստ ձախակողմյանների ապստամբության դեմ։ Բայց այս վերականգնումը ամենայն հավանականությամբ երկար չի տևի։ Պատճառներից մեկն այն է, որ երկիրն էական բարեփոխումների կարիք ունի։

Բայդենը ընտրվեց և իշխանության բերվեց, որպեսզի ոչինչ չփոխվի՝ ամենահիշվող բանը, որ նա ասել է իր քարոզարշավի ընթացքում, միլիարդատերերով լի սենյակում, հետևյալն էր՝ «շատ բան չի փոխվելու»։ Շատ բան չի փոխվելու մի երկրում, որտեղ, ըստ Դաշնային պահուստային համակարգի, բնակչության 41 տոկոսը արտակարգ իրավիճակի դեպքում չի կարող 400 դոլար հայթայթել։ Առանց երկրի հիմնարար խնդիրները լուծելու չի կարող լինել նորմալություն։ Կարծում եմ՝ այն լավ զգացողությունը, որ վերջապես նորմալ նախագահ կա, ամենայն հավանականությամբ երկար չի տևի։

– Քարոզարշավի ժամանակ Բայդենը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վերանայել ռազմական աջակցությունը Ադրբեջանին, վերահաստատել Ղարաբաղին ականազերծման համար տրվող աջակցությունը։ Այս խոստումները լսել ենք նաև նախկինում։ Արդյոք այս անգամ դրանք կիրականանա՞ն։

– Կարծում եմ՝ մի մասը կիրականանա։ Բայց որևէ բան, որ առնչվում է «ցեղասպանության ճանաչմանը», թերևս՝ ոչ։ Հայաստանի անկախությունից ի վեր չի եղել ամերիկյան որևէ վարչակազմ, որը հայամետ էր։ Եկեք դա հստակ արձանագրենք, ընդ որում, երկու կուսակցությունների դեպքում էլ։ Թրամփի վարչակարզմն անգամ անփույթ ձևով Հայաստանի անկախությունից ի վեր ամենաադրբեջանամետ դիրքորոշումն էր որդեգրել։ Դժվար է ասել՝ ինչ ազդեցություն է դա ունեցել։

Կարծում եմ՝ այս վարչակազմը Թրամփի վարչակազմի կիսաադրբեջանամետ դիրքորոշումից կվերադառնա ավելի չեզոք դիրքորոշման։ Ավելին չեմ ակնկալում։ Այսինքն, Բայդենի վարչակազմը այս պահին չի սկսի ներգրավվել Հարավային Կովկասում։ […] Սա ոչ մի կերպ նրանց համար առաջնային կարևորության հարց չէ, բայց նրանք կլինեն այնքան ակտիվ, որքան Բուշ կրտսերի և Օբամայի վարչակազմերը։

– Դա լա՞վ նորություն է Հայաստանի համար։

– Կարծում եմ՝ ցանկացած բան, որ այլ երկրների կներգրավի այս Թուրքիա – Ադրբեջան – Ռուսաստան եռախոսությանը, Հայաստանի համար լավ է։ Փոխվել են քննարկման չափորոշիչները, այլևս խոսակցություն չկա հողերի, օկուպացիայի մասին, այժմ խնդիրը Արցախում բնակվող հայերի իրավունքների մասին է։ Ցանկացած բան, որ այս հարաբերություններում կներառի երկրներ, որոնք, թեկուզ ձևականորեն, բարձրաձայնում են մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի կամարտահայտման մասին, լավ է։ Հարցն ավելի շուտ այդ ներգրավվածության աստիճանի մասին է, ու թե որքանով են նրանք պատրաստ այստեղ քաղաքական կապիտալ ծախսել։

– Շատերը կարծում են, որ Բայդենը ավելի խիստ կլինի Էրդողանի նկատմամբ, քան Թրամփը։ Դո՞ւք ինչ եք կարծում։

– Այո՛, Բայդենն անկասկած ավելի խիստ կլինի Էրդողանի նկատմամբ, դա չէ էականը։ Էականն այն է, որ Էրդողանն ու թուրքերը կարող են այստեղ սխալվել իրենց հաշվարկներում, որովհետև նրանք կարծում են՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի և ՆԱՏՕ-ի անդամ լինելու շնորհիվ իրենք կարող են «պլստալ»: Դա ակնհայտ է։ Բայդենի՝ նախագահությունը ստանձնելուց առաջ Էրդողանը հետ է նայում դեպի ԵՄ, ցանկանում է բանակցել հույների հետ։

Բայց տարբերությունն այստեղ այն է, որ դեմոկրատների արտաքին քաղաքական իսթեբլիշմենթի և էրդողանի միջև խնդիրը բավական անձնական է։ Աթաթուրքից հետո որևէ թուրք ղեկավար չի եղել Էրդողանի նման։ Այսինքն, ԱՄՆ-ը գործ ուներ Թուրքիա երկրի, ոչ անձի հետ։ Հիմա, երբ գործ ունես Թուրքիայի հետ, գործ ունես Էրդողանի անձի հետ։ Սա կարելի է նկատել՝ Էրդողանը զանգահարել է Բայդենին, բայց Բայդենը դեռ պատասխան զանգ չի կատարել։ Էնթոնի Բլինկենի՝ պետքարտուղարի թեկնածությունը հաստատելու լսումների ժամանակ նա Թուրքիային անվանեց «այսպես կոչված գործընկեր»։

Կարծում եմ՝ նրանք արդեն իսկ դրանով ազդանշան են տալիս, որ ավելի խիստ են լինելու։ Մեկ այլ բան՝ մեծ թշնամություն կա Էրդողանի հանդեպ, հատկապես Ներկայացուցիչների պալատում և Սենատում, որը Թրամփը զսպում էր։ Հիմա, առանց Թրամփի, Բայդենը շատ ավելի պատրաստ կլինի թույլ տալ նրանց իրենց ուզածն անել և ավելի ուժեղ պատժամիջոցներ կիրառել։

Կարծում եմ՝ Էրդողանը ստիպված կլինի դեպի Արևմուտք շրջվել շատ ավելի եռանդուն, ինչպես օրինակ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գործարքից հրաժարումը։ Նա կլինի շատ ավելի սահմանափակված, չի ունենա այն ճկունությունը, որը կարծում է՝ ունի, որովհետև նրանից պահանջվելու է նահանջել տարածաշրջանային ագրեսիվ արտաքին քաղաքականությունից։

– Ի՞նչ կասեք Բայդենի ու Պուտինի միջև հարաբերությունների մասին։

– Կրկին, դեմոկրատների արտաքին քաղաքական իսթեբլիշմենթը իրեն համոզել է, որ 2016-ի նախագահական ընտրություններում նրանք պարտություն կրեցին Պուտինի ու Ռուսաստանի միջամտության պատճառով, որը վիճարկելի պնդում է։ 2016-ի ընտրությունները ավելի շուտ Հիլարի Քլինթոնի վատ քարոզարշավի, քան արտաքին ուժերի միջամտության արդյունք էին։ Ուստի, կարծում եմ՝ այդ հարաբերությունները թշնամական կլինեն։ Չեմ կարծում, որ ընդհանուր առմամբ դա կփոխվի։

Ինչպե՞ս դա կազդի Հայաստանի վրա․ կարծում եմ այս տարածաշրջանը կարող է դառնալ այն միակ վայրը, որտեղ համագործակցության եզրեր կլինեն, քանի որ պատմական առումով այդպես է եղել։ Նրանք կռվել և տարաձայնություններ են ունեցել այլ վայրերում, սակայն հիմնականում ընդհանուր համաձայնություն են ունեցել այս տարածաշրջանում։ Այդ համաձայնությունը ստատուս քվոն պահպանելն է, իսկ այդ ստատուս քվոյի պահպանությունը մինչև սեպտեմբերի 27-ը բարենպաստ էր մեզ համար։ Ակնհայտորեն, այդ ստատուս քվոն փոխվել է։ Ուստի հարցն այն է, թե ինչ ստատուս քվո ենք պահպանում։

– Ի՞նչ կասեք Բայդենի աշխատակազմում նշանակումների մասին, օրինակ, պետքարտուղար էնթոնի Բլինկենի։ Ի՞նչ են հուշում այդ նշանակումները ապագայի մասին, լա՞վ, թե՞ վատ են Հայաստանի համար։

– Կադրերի նշանակումն արդեն իսկ քաղաքականություն է։ ԱՄՆ քաղաքականության դեպքում դա այդպես չէ։ ԱՄՆ արտաքին քաղաքական իսթեբլիշմենթը բավական միատարր է. Նրանց մասին երեք հստակ բան կա՝ Սառը պատերազմի ավարտից ի վեր նրանք գրեթե ամեն ինչում սխալ են եղել։ Կարող ենք տեսնել աշխարհով մեկ նրանց ստեղծած խառնաշփոթի հետագիծը, հատկապես Մերձավոր Արևելքում։

Երկրորդ՝ նրանք օրիգինալ գաղափար չեն ունեցել 1946-ից ի վեր, երբ Ջորջ Քենանը Մոսկվայից գրեց ԽՍՀՄ-ին զսպելու մասին իր երկար հեռագիրը։ Դա վերջին օրիգինալ գաղափարն էր, որ ունեցել են։

Եվ երրորդ՝ նրանք բոլորը հիմնականում հավատում են նույն բաներին, և հավատում են, որ ԱՄՆ-ը պատմության մեջ յուրահատուկ դեր ունի։ Հեգեմոն է, որ պետք է ամեն տեղ ներգրավված լինի, լիովին հավատում են աշխարհում իրենց ունեցած բազաների կայսրությանը, և որ մարդիկ պետք է խոնարհվեն ԱՄՆ կամքի առաջ։

Նախկին պետքարտուղար Մադլեն Օ’Բրայթը սովորություն ուներ որոշ ոչ իմաստուն բաներ ասելու, դրանցից մեկը՝ «ԱՄՆ-ը ավելի հեռու ապագան է տեսնում, քան մյուս երկրները, մենք ավելի բարձր ենք կանգնած», և այլն։ Եվ նման հիմարության փաստորեն հավատում են մարդիկ, որոնք քաղաքականությունն են կերտում։

Ուստի, լինի Բլինկենը, թե մեկ այլ մեկը, անձը կապ չունի։ Էական չէ՝ ինչ են մտածում։ Էական է՝ ինչպես են մտածում։ Նրանց հետ գործ ունենալիս Հայաստանի դեպքում ոչ թե պետք է փորձել կրթել նրանց տարածաշրջանի իրողությունների մասին, այլ տուրք տալ նրանց նախապաշարումներին։ Օրինակ, եթե նրանք հարձակվում են Էրդողանի վրա, դարձնենք դա խնդիր նաև Ալիևի համար։ Եթե նրանք ատում են Պուտինին, պետք է հասկանան, որ եթե մարգինալացնում ես Ռուսաստանին, ապա պետք է ունենաս որևէ ճանաչման կամ կարգավիճակի մակարդակ Արցախի համար։ Այսինքն, պետք է օգտագործես նրանց նախապաշարմունքները քո օգտին՝ փոխանակ նրանց տեսակետները փոխելուն։ Նրանց տեսակետները կարծրացած են, և նրանք առաջնորդվում են արդեն իսկ հաստատված գաղափարներով, հիմնականում՝ սխալ, բայց դա էական չէ աշխարհի հզորների համար։ Հարցն այն է՝ ինչպես օգտագործել նրանց հիմնական ընկալումները քո օգտին։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել