ՊՆ-ը հերքում է աշխատակիցների աշխատավարձերը կրճատելու լուրերը

Տարբեր լրատվամիջոցներով տարածվում է ապատեղեկատվություն, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ Լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (հունվար ամսվա աշխատավարձերը կվճարվեն մինչև փետրվարի 7-ը):

«Միաժամանակ, հունվար ամսում անձնակազմի սոցիալական ծանրաբեռնվածությունը մեղմելու համար տրամադրվել է կանխավճար, իսկ ՀՀ  2021թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումները կիրականացվեն սահմանված ժամկետներում և ամբողջությամբ: Այսինքն՝ աշխատակիցներին փոխանցված գումարները ոչ թե «կրճատված» աշխատավարձն է, այլ ընդամենը աշխատավարձի կանխավճար, իսկ աշխատավարձի մնացած հատվածը կփոխանցվի օրենքով սահմանված ժամկետներում»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։