Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

«Համոզված եմ, որ առաջիկա տարիներին անելու եք հնարավորը՝ հետագա առաջընթաց և տպավորիչ ձեռքբերումներ ապահովելու Ձեր երկրի համար: Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի առաջ մղել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը: Ձեզ և Ձեր վարչակազմին մաղթում եմ ամենայն հաջողություն»,- ասվում է Հայաստանի նախագահի ուղերձում։

Արմեն Սարգսյանն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ շնորհավորել է նաև Քամալա Հարիսին և հետագա հաջողություններ մաղթել:

Ավելի վաղ Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը հրապարակել էր ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները՝ շնորհավորելով Ջո Բայդենին ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։