Ատոմային ոլորտի զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է․ Սուրեն Պապիկյան

Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր՝ հունվարի 22-ին, այցելել են ՀԱԷԿ։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ Հայկական ԱԷԿ-ը արդիականացման ավարտական փուլում է, որից հետո կայանը կաշխատի նաև 2026 թվականից հետո։ ՀԱԷԿ-ում աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս»-ն է:

Սուրեն Պապիկյանը հիշեցրել է նաև, որ տարեսկզբին ՀՀ կառավարությունը հաստատել է մինչև 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը․ «Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026 թվականից հետո. կառավարությունը մտադիր է կայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչև 2036 թվականը: Միևնույն ժամանակ զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է», – ասել է նախարարը:

Հայաստանում ՌԴ դեսպանի խոսքով՝ ատոմային էներգետիկան շարունակում է մնալ ռազմավարական նշանակության ուղղություն երկկողմ փոխգործակցության զարգացման համար:

«Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի հաջող իրականացման կարևորությունը երբեք կասկածի տակ չի դրվել։ Վերջին երեք տարիների ընթացքում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել։ Սակայն աշխատանքների ճակատը մնում է բավական լայն և 2021 թվականը պետք է վճռորոշ լինի վերջնական արդյունքի հասնելու ճանապարհին։ Հայկական ԱԷԿ-ը պետք է մնա ցածր գներով էներգիայի արտադրության կայուն աղբյուր և նպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Մեկնաբանել