Պետությունը հանքերին «համալիր ուսումնասիրեց», տերերին չփորձեց գտնել

Մկրտիչ Կարապետյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանրության դատին է հանձնել մի «ուսումնասիրություն» մետաղական հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված։ «Ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել»,- հայտնում է Տնտեսական մրցակցությունը պաշտպանող կառույցը։

«Համալիր ուսումնասիրություն» բառակապակցությունը, սակայն, բավական ճոխ է ասված այդ փաստաթղթի մասին՝ առնվազն մետաղական հանքերի ուսումնասիրության մասով։ Մի շարք բաց աղբյուրների (ԱՃԹՆ, Վիճակագրական կոմիտե, ՊԵԿ, իրավաբանական անձանց ռեգիստր) բազմաթիվ տվյալներ ՏՄՊՊՀ-ն մի տեղ է հավաքել, ներկայացրել, թե Հայաստանում ինչ մետաղներ են արդյունահանում, ներկայացրել աճ և նվազում ցույց տվող որոշ ինֆոգրաֆիկաներ, թվարկել, թե որ հանքավայրում ինչ մետաղ կա և վերջ։

Բացի այս՝ հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրության կատարելագործման հետ կապված ՏՄՊՊՀ-ն առանձնացրել է մի քանի խնդիր, օրինակ՝ ով պիտի մինչ հանքը շահագործելը անի երկրաբանական հետախուզություն՝ նա, ով առաջի՞նն է այդ նպատակով դիմում հասցեագրել, թե՞ նա, ում դիմումն ավելի ուշ է մուտքագրվել։

Նաև արձանագրել են, որ ընդերքօգտագործումը դադարեցնելու պրոցեսը բավական երկար է տևում, իրական սեփականատերերի մեխանիզմն էլ չի աշխատում։

Տևական ժամանակ լրագրողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու բնապահպանները բացի հանքարդյունաբերողների կողմից բնությանը պատճառված վնասի մասին բարձրաձայնելը, խոսում են նաև հանքերի սեփականատերերի մասին։

Կառավարությունը միջազգային պարտավորությունների շրջանակում իրական սեփականատերերի ռեեստր է ներդրել, հանքերի իրական սեփականատերերի բացահայտումը Նիկոլ Փաշինյանը ներառեց 100 փաստերի մեջ, օրենսդրական փաթեթն ընդունվեց խորհրդարանում։ Հիմա, սակայն, ՏՄՊՊՀ-ն իր հրապարակած փաստաթղթում հայտարարում է՝ իրական սեփականատերերի օրենքներն իրենց նպատակին չեն ծառայել։ Նկատենք, որ 2019-ից հետո ՏՄՊՊՀ նախագահը երբեք չի բարձրաձայնել, որ օրենքը թերի է, հրապարակային առաջարկներ էլ չեն արվել։

ՏՄՊՊՀ-ն նաև արձանագրել է, որ «իրական սեփականատերերի մասնակցությունն ապահովող իրավաբանական միջանկյալ անձինք գրանցված են օֆշորային գոտիներում, ինչի պարագայում դժվարանում է իրական սեփականատերերի նույնականացման և այլ ապրանքային շուկաներում դրանց ունեցած ազդեցության գնահատման գործընթացը»։ Այլ կերպ ասած՝ հանձնաժողովն ընդունում է, որ ինքն ի վիճակի չէ օֆշորային գոտիներում տարբեր փոխկապակցվածություններ գտնել, իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե չեն կարողանալու օֆշորային տարբեր ընկերությունների իրական սեփականատերերի կամ դրանց մոտ ֆիզիկական անձանց փոխկապակցվածություն գտնել, ինչու են ռեսուրսներ ծախսել ու սկսել «համալիր ուսումնասիրությունը»։

Ի դեպ, կառավարության մի քննարկման ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում էր՝ «գտնելու են օֆշորի օֆշորին» և հանքի ամենավերջին սեփականատիրոջը։

ՏՄՊՊՀ այս ուսումնասիրությունում որևէ տող չկա այն մասին, որ գեթ մեկ պաշտոնական հարցումով փորձել են որևէ հանքարդյունաբերական ընկերությունից ճշտել նրանց սեփականատերերին ու գործունեությունը։ Չի եղել որևէ փորձ օֆշորային ընկերությունների սեփականատերերին հայտնաբերելու համար, չի եղել փորձ ճշտելու՝ արդյոք մի քանի մետաղական հանքերում միևնույն մարդն ունի բաժնեմասեր կամ մասնակցում է կառավարմանը։

Անցնող շաբաթվա ընթացքում իր աշխատանքն ավարտեց ԱԺ-ում ընդդիմության ջանքերով ստեղծված մետաղական հանքերի աշխատանքն ուսումնասիրող հանձնաժողովը։ 1,5 տարվա աշխատանքից հետո այդ հանձնաժողովը կազմել էր 13-էջանոց զեկույց։ Զեկույցով հանձնաժողովը հանրությանը տեղեկացրել էր, որ հանքարդյունաբերողներն իրենց գրավոր հարցումներին չեն պատասխանել։

Իսկ վերջին երկու տարիների ընթացքում հանքարդյունաբերական որոշ ընկերությունների սեփականատերերի ցանկում չափազանց ուշագրավ փոփոխություններ են կատարվել ու կատարվում։ Պետական մարմինների ուսումնասիրություններում այս մասին կա՛մ հպանցիկ են խոսում, կա՛մ ընդհանրապես լռում են, իսկ ոլորտի խաղացողներից պարզաբանումներ չեն ստանում։

Մեկնաբանել