Կվերադառնա՞ ԵԿԲ-ն էժան փողերի քաղաքականությանը

«Շուկայում տիրող լարվածությունը վերջնական արդյունքում կհարկադրի ԵԿԲ-ին վերսկսել պարտատոմսերի գնման ծրագիրը, սակայն միանգամից դա տեղի չի ունենա»,- նշում է ֆրանսիական BNP Paribas-ի գլխավոր տնտեսագետ Քեն Ուատրետը։

ԵԿԲ-ի կառավարող խորհրդում միասնական կարծիք չկա այս հարցի շուրջ։ Կոշտ դիրքորոշում ունեն Գերմանայի ներկայացուցիչները, որոնք կարծիքով՝ նման գործողությունները վերացնում են դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների միջև սահմանները։ Պարտատոմսերի տոկոսադրույքների աճը կարող է հարկադրել գերմանացիներին վերանայել իրենց տեսակետը։ Այժմ ԵԿԲ-ի հաշվեկշռին են Հունաստանի, Իռլանդիայի, Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի արժեթղթերը՝ €214 մլրդ ընդհանուր ծավալով։

Գերմանիայի ԿԲ-ի (Բունդեսբանկ) նախագահ Յենս Վայդմանը դեկտեմբերին հայտարարել էր, որ ինքը կողմնակից չէ պարտատոմսերի գնման ծրագրին և համոզված չէ դրա արդյունավետության մեջ։

Հիշեցնենք, որ LTRO I-ի ընթացքում ԵԿԲ-ն տեղաբաշխել էր €489 մլրդ ընդհանուր արժողությամբ 3-ամյա մարման ժամկետով պարտատոմսեր, 2012թ. փետրվարին՝ LTRO II-ի ընթացքում՝ €530 մլրդ-ի արժեթուղթ։ Այս ֆոնին պարտքային շուկայում լարվածությունը որոշակիորեն մեղմացել էր։ Էժան միջոցները բանկերին հնարավորություն էին տվել մեծացնել պետական պարտատոմսերի գնման ծավալները։ Իսպանական բանկերը, օրինակ, փետրվարին գնել են €246 մլրդ-ի արժեթուղթ։

Սակայն պարտքային շուկայի լարվածությունը, ընդհանուր առմամբ, շարունակում է պահպանվել, ինչը խոստովանում են նաև ԵԿԲ-ում։

Մեկնաբանել