Ֆիզուլիում ադրբեջանական կողմը փոխանցել է ևս 31 հայ զոհված զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Նախնական տվյալներով վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասվում է ԱԻՊԾ հայտարարությունում։

Ըստ ծառայության՝ մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:

Արցախի փրկարարներն այսօր՝ հունվարի 27-ին, որոնողական աշխատանքներ են իրականացնելու Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի (ֆիզուլի) և Հադրութի շրջաններում: