Հայաստան ցեմենտի ներկրումը կարգելվի

Հայաստանում ցեմենտի ներկրումը վեց ամսով կարգելվի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։ 

Որոշման անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորել է ցեմենտի ներքին շուկան ու տեղական արտադրողին պաշտպանելու համար։ Արգելքը կգործի վեց ամիս ժամկետով։ 

«Նշված մեխանիզմներով ցեմենտի ներմուծման սահմանափակումը չի հակասում Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ուստի վերը նշված ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում տեղական շուկան պաշտպանելու նպատակով՝ սահմանափակելով տարբեր ապրանքների ներմուծումը կամ արտահանումը: Օրինակ` Բելառուսի Նախարարների Խորհրդի 09.07.2019թ. N 459 որոշմամբ սահմանափակվել է երրորդ երկրներից Բելառուսի Հանրապետություն պորտլանդ-ցեմանտի ներմուծումը, իսկ Ղազախստանը ժամանակավորապես արգելել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը»,-նշել է կառավարությունը։ 

Ցեմենտի շուկայի գերիշխող խաղացողը «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի մեջ մտնող «Արարատցեմենտ»-ն է, որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Վերջին տարիներին խթանվել է ցեմենտի ներկրումը Իրանից ու Վրաստանից, որը ոչ եկամտաբեր էր դարձնում «Արարատցեմենտ»-ի գործունեությունը։ Միայն 2018-ին 181 հազար տոննա ցեմենտ էր ներկրվել։ Ծառուկյանը պահանջում էր դեռ 2019-ից սահմանափակել ցեմենտի ներկրումը։

2019-ին տեղական արտադրողին պաշտպանելու համար խորհրդարանական քննարկումների արդյունքում որոշվեց 22 000 դրամ տուրք սահմանել դրա ներմուծման համար։