Փետրվարի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի։ Այս մասին կառավարաության այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ քաղաքացիները պետք է թռիչքից ամենաուշը 72 ժամ առաջ արված կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենան։
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ընդունած որոշման համաձայն՝ երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցության նպատակով գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը։
«Քաղաքացին իր սմարտֆոնի մեջ ներբեռնում է «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» հավելվածը, որից հետո այնտեղ նշված լաբորատորիաներից մեկում թեստավորվում է թռիչքից ամենաուշը 72 ժամ առաջ։ Եթե թեստի պատասխանը բացասական է, այդ պատասխանը ինքնաշխատ եղանակով արտահայտվում է բջջային հավելվածում։ Դրանից հետո մեկնելիս նախ մեր օդանավակայանում է QR կոդով հաստատվում այդ փաստը և հետո Ռուսաստանի օդանավակայանում է հաստատվում և նա ազատ ճամփորդում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։