«Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար»

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրապարակել է ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ արած հայտարարությունը։ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակում հունվարի 26-ին ժամանել է Երևան։

«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:

Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որոնցով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ:

Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»,- ասել է Այվազյանը։

Զարիֆը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Իրանն ուրախ է, որ Ադրբեջանն ազատագրել է իր տարածքները»։

Կարդացե՛ք նաև՝

Տարիներ առաջ ղարաբաղյան հարցն առանց զոհերի լուծելու հնարավորություն կար, ցավոք չստացվեց․ Լավրով

Մեկնաբանել