Պատերազմի ժամանակ արբանյակների օգտագործումը մեզ հսկայական առավելություն է տվել․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակոնֆերանսի ձևաչափով տրանսպորտի, հաղորդակցություն և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևի ընդունելության ժամանակ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ արբանյակների օգտագործումը Ադրբեջանին հսկայական առավելություն է տվել։ Այս մասին հայտնում է moscow-baku.ru-ն:

«Իհարկե, խոսելով տեխնոլոգիական զարգացման ոլորտում կատարված աշխատանքների մասին, պետք է նշեմ արբանյակները։ Որպես այս ոլորտը ղեկավարող մարդ՝ դուք լավ գիտեք այդ ամբողջ աշխատանքը։ Երբ մենք արբանյակները հանեցինք ուղեծիր, ոմանք հարցնում էին, թե դա ինչին է պետք, բայց կյանքը ցույց է տվել, որ դա մեզ իրոք անհրաժեշտ է: Թե մեր հեռահաղորդակցման արբանյակները, և թե այն արբանյակները, որոնք դիտում են Երկրի մակերեսը, հնարավորություն են ստեղծում կատարել բոլոր հանձնարարված խնդիրները: Պատերազմի ընթացքում հակառակորդի տեղաշարժին առցանց հետևելը և նրա սադրանքների կանխումը, իհարկե, մեզ լրացուցիչ առավելություն էր տվել»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ արբանյակների օգտագործումը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո է հսկայական առավելություն ապահովել։

«Արբանյակները մեծ նշանակություն ունեն նաև պատերազմից հետո՝ մեր ներկայիս ծրագրերի առումով, որոնք կապված են վերականգնողական աշխատանքների հետ։ Տրամադրված տվյալների հիման վրա մենք այժմ ավելի արդյունավետ ենք կատարում ականազերծման աշխատանքները»,- ասել է նա։