Արտահերթ ընտրության նոր ճանապարհ․ ի՞նչ հարց է լուծում «Իմ քայլը»

Մկրտիչ Կարապետյան

Խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է Սահմանադրության փոփոխություններ տարբերակ, որը հնարավորություն կտա խորհրդարանին ինքնալուծարվել։ Նպատակն է գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու երկու տարբերակներին ավելացնել ևս մեկը։

Այժմ, ըստ ՀՀ Սահմանադրության, խորհրդարանական արտահերթ ընտրություններ կարող են կազմակերպվել երկու տարբերակով․

ա) եթե կառավարության ծրագիրը չի ընդունվում խորհրդարանի կողմից,

բ) եթե վարչապետը հրաժարական է ներկայացնում, և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում։

«Իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների՝ պայմանով, որ խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի թեկնածու չառաջադրի»,- անցյալ շաբաթ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականից հետո չկա վստահություն, որ խորհրդարանական մեծամասնության որոշ անդամներ խորհրդարանում չեն քվեարկի հնարավոր վարչապետի թեկնածուի օգտին։ Խորհրդարանի ինքնալուծարման գործիքը թույլ կտա գնալ արտահերթ ընտրությունների՝ առանց Փաշինյանի հրաժարականի, և չեզոքացնել նոր վարչապետ ընտրելու ռիսկը։

Ըստ գործող Սահմանադրության՝ վարչապետ կարող է ընտրվել անձը, որը խորհրդարանում կհավաքի ձայների կեսից ավելին։ Խորհրդարանն այժմ ունի 132 պատգամավոր, և վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի ձայն։

Ներկայում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների թիվը միասին կազմում է 41։ Եթե այս թվին գումարենք անկախ պատգամավորներին՝ 8 հոգի, պարզ կլինի, որ ընդդիմությանը ևս 18 ձայն է անհրաժեշտ նոր վարչապետ ընտրելու համար։ Այդուհանդերձ, խորհրդարանական մեծամասնությունը, ենթադրաբար չունենալով վստահություն խմբակցության ներսում նոր վարչապետ չընտրելու հնարավորության հարցում, որոշել է գնալ արտահերթի՝ առանց Փաշինյանի հրաժարականի։

Անցյալ շաբաթ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ իշխանությունները ակնարկում էին արտահերթ ընտրությունների մեկ այլ տարբերակի հնարավորության մասին։ Դա ենթադրում էր հուշագրի ստորագրում ընդդիմադիր ուժերի հետ, որի պայմանը դարձյալ նույնն էր՝ արտահերթ ընտրությունների համար վարչապետի հրաժարականից հետո չպետք է նոր վարչապետ առաջադրվի, և դա պիտի արձանագրվի կոնկրետ փաստաթղթով։ Ընդդիմադիր ուժերն արդեն իսկ մերժել են հուշագիր ստորագրելու առաջարկը։

Մեկնաբանել