Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է․ Մոհամմադ Զարիֆ

Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է։ Այս մասին այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

«Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոնները և իրավունքները միշտ պաշտպանված լինեն»,- ասել է նա։

Մոհամմադ Զարիֆը նշել է, որ Իրանը պատրաստակամ է Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով համագործակցել․ «Հուսով ենք, որ տարածաշրջանում համագործակցությունները կձևավորվեն՝ հարգելով ժողովուրդների իրավունքները և ուժի չկիրառման սկզբունքը»,- ասել է նա։

Իրանի արտգործնախարարն իր ցավն է արտահայտել 44-օրյա պատերազմի ընթացքում մարդկային զոհերի կապակցությամբ և նշել է, որ պետք է աշխատանքներ տարվեն մարդասիրական խնդիրները լուծելու ուղղությամբ։

«Իրանը պատրաստակամ է մարդասիրական ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ խնդիրները հարթելու և մարդկանց տանջանքը փարատելու համար։ Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության քաջաբարո որոշումը, որը կայացրեց, ինչպես նաև պարոն Փաշինյանի որոշումը, որ հայացք ուղղեց դեպի ապագա»,- ասել է Զարիֆը։

Նրա խոսքով՝ Իրանը պատրաստակամ է առավել զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ քաղաքական, մշակութային, տնտեսական և անվտանգության ոլորտներում։

«Մենք ընդհանուր շատ մտահոգություններ ունենք, այդ թվում՝ ահաբեկիչների ներկայությունը։ Մեր սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ։ Վստահ ենք, որ այդպես էլ կշարունակվի և այդպես էլ կմնա։ ՀՀ-ն իր անկախությունը ձեռք բերելուց հետո միշտ եղել է մեր լավ բարեկամ երկիրը։ Եվ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Զարիֆը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Իրանն ուրախ է, որ Ադրբեջանն ազատագրել է իր տարածքները»։ Այսօր Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է․ «Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար»։

Մեկնաբանել